Տարբեր քրեական գործերով Քննչական կոմիտե են կանչել շուրջ 3 տասնյակ կիրանցեցիների, այդ թվում՝ անչափահասների, հայտնել է Տավուշի մարզի Կիրանց համայնքի բնակիչ Գոհար Վարդանյանը։
Նրա խոսքով՝ համագյուղացիներին ՔԿ են կանչել պաշտոնյաներին հայհոյելու համար։
«360 բնակչություն ունեցող կիրանցեցիներից առնվազն 3 տասնյակը մի քանի անգամ կանչվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության»,- Facebook-ի իր էջում գրել է Վարդանյանը:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին, նրանք ակցիաներ էին սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանագիծն անցնում է Կիրանցի դպրոցից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, գյուղում անվտանգային լուրջ խնդիրներ են առաջացել, կառուցվում է այլընտրանքային ճանապարհ։ Կիրանց տանող այլընտրանքային ճանապարհի անհրաժեշտություն առաջացել էր սահմանազատման հետևանքով, որի արդյունքում Կիրանցի ներկայիս ճանապարհն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։