Դատախազությունն օգոստոսի 6-ին հանրային քրեական նոր հետապնդում է հարուցել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի և 13 անձի նկատմամբ, Armenia Today-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
«Քրեական հետապնդումը հարուցվել է 76 դրվագով, որոնցով, ընդհանուր առմամբ, պետությանը պատճառած վնասի չափը կազմում է 350 մլն դոլար»,- հավելել է Մարտիրոսյանը։
Մասնավորապես, Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ գործող Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով․
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ)` (առանձնապես խոշոր չափերով խարդախության հանցակից, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով-խմբ․):
ՔՕ 46-445-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1 դրվագ (պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելը, դրա մեջ կեղծ տեղեկություն մտցնելը, փաստաթուղթն այլ եղանակով կեղծելը, կեղծ փաստաթուղթ կազմելը կամ տրամադրելը կամ փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով-խմբ․):
ՔՕ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (17 դրվագ)՝ (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 12 տարով-խմբ․):
ՔՕ 442-րդ հոդվածի 1-ին մաս (31 դրվագ)` (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով-խմբ․)։
ՔՕ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետեր (1 դրվագ)՝ (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 4-8 տարի ժամկետով-խմբ․):
ՔՕ 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ (1 դրվագ)` (հակամրցակցային գործունեություն, որն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 6 տարի ժամկետով-խմբ․):
ՔՕ 46-457-րդ հոդվածի 2-րդ մաս (1 դրվագ)՝ (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով-խմբ․)։
ՔՕ 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր (2 դրվագ)` (ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը, որն առաջացրել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարի ժամկետով-խմբ․)։
ՔՕ 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ (3 դրվագ)՝ (առանձնապես խոշոր չափերով hարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելուն հանցակից լինելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով-խմբ․)։
ՔՕ 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ (2 դրվագ)` (պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը՝ առանձնապես խոշոր չափերով, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 10 տարի ժամկետով-խմբ․)։
ՔՕ 444-րդ հոդվածի 2-րդ մաս (13 դրվագ)՝ (ՀՀ օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի կամ ծախսի չհայտարարագրմանը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 6 տարի ժամկետով-խմբ․):
ՔՕ 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ (1 դրվագ)՝ (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 7 տարի ժամկետով)։
ՔՕ 318-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ (hանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը` օգտագործելով իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 15 տարի ժամկետով-խմբ․):
Դատախազի՝ 2023թ․ օգոստոսի 24-ի որոշմամբ Մինասյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ «փողերի լվացման» մեղադրանքով։ 2020թ. մարտի 17-ին նրա նկատմամբ քրհետապնդում էին հարուցել «ապօրինի հարստանալու», «հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելու» և «առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու» մեղադրանքներով: 2021-ին դատարանը Մինասյանին կալանավորելու որոշում էր կայացրել, նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում, որն «Ինտերպոլը» 2022-ին դադարեցրել էր։ Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան է՝ աղջկա ամուսինը։