Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, հայտնել է ԱՆ-ն։
Պրոբացիայի ծառայությունը միջնորդությունը բացատրել է նրանով, որ Առուշանյանը դատական ակտով զրկված լինելով ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից, շարունակում է զբաղեցնել Սյունիքի մարզի Գորիս համայնքի համայնքապետի պաշտոնը։
Միջնորդությամբ ծառայությունը դատարանից պահանջել է տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինել և 6 ամսով ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն կիրառելու վերաբերյալ որոշումը վերացնել։
Առուշանյանը դատապարտվել էր ՀՀ քրեական 2003 թվականի օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով)։
Օգոստոսի 21-ին Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Նորայր Շողիկյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշել է կասեցնել Առուշանյանի լիազորությունները և հինգ տարի ժամկետով նրան զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Օգոստոսի 22-ին Առուշանյանը վիճարկել էր Պրոբացիայի ծառայության գործողությունները՝ բողոք ներկայացնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։