Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկել է տուգանքներ սահմանել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման բնագավառում օրենսդրության պահանջները չկատարելու համար, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Համապատասխան օրինագծով նախատեսվում են տուգանքներ՝ նվազագույն աշխատավարձի 50-ից մինչև 600-ապատիկի չափով։ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ է։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրենսդրական առաջարկը քննարկվել է առաջին ընթերցմամբ: Այն ներկայացրել է ԱԱԾ իրավաբանական վարչության պետ Նելլի Մանանդյանը։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ու իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի ապահովման մակարդակի բարձրացման, ոլորտում հնարավոր իրավախախտումների կանխարգելման ու վերացման, գաղտնի տեղեկությունների արտահոսքին նպաստող պայմանները բացառելու անհրաժեշտությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մանանդյանի խոսքով՝ ամփոփվել են գաղտնի տեղեկությունների գաղտնագրման, պահպանության, գաղտնազերծման, ոչնչացման, գաղտնի գործավարության, համակարգչային տեխնիկայի միջոցով դրանց փոխանցման ընթացակարգերին վերաբերող հիմնական խախտումները՝ դրանց համար նախատեսելով համաչափ տուգանք:
Զեկուցողը նաև նշել է, որ գործող կարգավորումներով ԱԱԾ-ն մասնավոր կամ հանրային իշխանության մարմիններից մեկի մոտ գաղտնիության ռեժիմի խախտում հայտնաբերելիս սահմանափակվում էր բանավոր նախազգուշացմամբ: Ներգործության այլ միջոց չկար, որը կարող էր ամրապնդել այդ խնդրի՝ չկրկնվելու հանգամանքը, ինչն էլ, իր հերթին, կարող էր հետագայում գաղտնիության արտահոսքի պայմաններ ստեղծել: