Հայաստանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին կքննի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի՝ Հայաստանի սահմանադրությանը համապատասխանության հարցը: Հարցն ընդգրկված է նիստի օրակարգում, տեղեկանում ենք դատարանի կայքից։
Սեպտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ կառավարությունը ՍԴ է ուղարկել հանձնաժողովների կանոնակարգի մասին դրույթը: ՍԴ-ի եզրակացությունից հետո փաստաթուղթը կընգրկվի Հայաստանի խորհրդարանի օրակարգում։
Վարչապետը հավելել էր, որ 16 հոդվածներից 13-ը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախաբանը Երևանն ու Բաքուն «ամբողջությամբ համաձայնեցրել են»։
«Պայմանագրի ևս 3 հոդված, որոնք բաղկացած են հիմնականում 2 նախադասությունից, մասնակի են համաձայնեցված․ այդ հոդվածների նախադասություններից 1-ը համաձայնեցված է, մյուսը՝ համաձայնեցված չէ»,- պարզաբանել էր Փաշինյանը:
Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հաստատել էր Ադրբեջանի հետ սահմանագծման հանձնաժողովների մասին կանոնակարգի վավերացման նախագծին։