Սեպտեմբերի 7-ին հրազենային վիրավորում ստացած Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանի վիճակը կայուն ծանր է, Armenia Today-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Սեպտեմբերի 8-ին Սարգսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Սեպտեմբերի 7-ին Սարգսյանը հայտնել էր, որ Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ նա կրակոցներ էր արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով 1 ոստիկան զոհվել էր, մեկը՝ վիրավորվել։ Ավելի ուշ ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ որոնում են ոստիկանի սպանության մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանին, որը, ըստ տեղեկությունների, զինված է։
Կրակոցների հետևանքով զոհվել էր Ստեփանյանը, իսկ նույն բաժնի ոստիկան Այվազյանն ստացել էր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն։
Սեպտեմբերի 7-ին սպանության մեջ կասկածվող անձը խոստովանական ցուցմունք էր տվել։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել։ Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 2:40-ի սահմաններում, իրավապահները ձերբակալել էին ոստիկանի սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող տղամարդուն։