Սեպտեմբերի 7-ին Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում մեկ ոստիկանի սպանելու, 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով 41-ամյա տղամարդ է (Մանուկ Մարգարյան-խմբ․) կալանավորվել, հայտնում են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից հավելել են, որ Մարգարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ծառայողական պարտականությունները կատարող անձի սպանություն, առավելագույն պատիժը՝ մինչև ցմահ ազատազրկում), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով՝ 4 դրվագ (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ծառայողական պարտականությունները կատարող անձի սսպանության փորձ), 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ 2 դրվագ, (զենքի միջոցով պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 10 տարի ժամկետով), 44-452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ 3 դրվագ (զենքի միջոցով պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի ապօրինի շրջանառություն, առավելոգւյն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով)։
Սեպտեմբերի 7-ին ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ նա կրակոցներ էր արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ովքեր զենքի առկայության մասին ստացած ահազանգից հետո փորձել էին վնասազերծել Մարգարյանին։ Վերջինիս արձակած կրակոցների հետևանքով զոհվել էր Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը, վիրավորվել՝ նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը։ Ավելի ուշ ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ որոնում են ոստիկանի սպանության մեջ կասկածվող 41-ամյա Մարգարյանին։ Սեպտեմբերի 8-ին Մարգարյանը խոստովանական ցուցմունք էր տվել և նույն օրը ձերբակալվել։
Դեպքի առթիվ ՔԿ-ում քրեական վարույթ էր նախաձեռնել։ Սեպտեմբերի 12-ին ՆԳՆ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ Այվազյանի առողջական վիճակը կայուն ծանր է։