Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագիր կարող է ստորագրվել միայն այն դեպքում, եթե Բաքուն վերադարձնի ադրբեջանական բանտերում պահվող հայ պատանդներին, «Մեկ տարի առանց Արցախի. վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» համաժողովի ժամանակ հայտարարել է միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Իրավապաշտպանը հիշեցրել է, որ պաշտոնական տվյալներով՝ այս պահին Ադրբեջանում պահվում է 23 հայ՝ և՛ ռազմագերիներ, և՛ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ։
«Արդեն կան պաշտոնական հայտարարություններ, որ խաղաղության պայմանագրում այս անձանց վերադարձի վերաբերյալ կետեր չկան»,- նշել է Սահակյանը։
Նա ընդգծել է, որ նրանց վերադարձը ոչ թե պետք է դիտարկել որպես խաղաղության պայմանագրի ստորագրման արդյունք, այլ «վստահության մթնոլորտի վերականգնման» մասին փաստաթղթի ստորագրման նախապայման, որը կապահովի որոշակի փաստաթղթերի ստորագրում ՀՀ իշխանությունների կողմից։
Համաշխարհային հայկական երկրորդ ֆորումում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր կարծիքով՝ խաղաղության պայմանագիրը «պետք է լուծի ռազմագերիների հարցը՝ անկախ նրանից՝ դա բառացի գրվա՞ծ է, թե՞ ոչ, որովհետև «խաղաղության պայմանագիր» նշանակում է այլ մթնոլորտ, այլ հարաբերություններ»։
Սահակյանը շեշտել է, որ «առանց մարդասիրական նշանակություն ունեցող խնդիրների լուծման՝ խաղաղության թեզը չի կարող կենսունակ լինել»։
«Եթե բանակցություններն ընթանում են այս տրամաբանությամբ, ապա դա խիստ ողջունելի է, և մենք պետք է ակնկալիք ձևավորենք, որ քանի դեռ այս 23 հայերը չեն գտնվում իրենց ընտանիքներում, որևէ փաստաթուղթ լեգիտիմ կերպով չի կարող ստորագրվել։ Իսկ եթե գնում ենք այն մոտեցմամբ, որ հարցի լուծման այլ ուղիներ են և այս հարցը չի արտացոլվում նաև խաղաղության պայմանագրում իր չլուծվածության պարագայում, ապա սա խիստ վտանգավոր է, որովհետև մենք չենք տեսնում հաջորդող այնպիսի քաղաքական զարգացումներ, որի կոնտեքստում Ադրբեջանը հետաքրքրություն կունենա վերադարձնել հայերին և հատկապես 8 նախկին ղեկավարներին»,- նշել է Սահակյանը։
Նա հայտնել է նաև, որ ադրբեջանական գերությունից Հայաստան է վերադարձել ընդհանուր առմամբ 210 հայ։
«Ձեռնարկված գործողությունների արդյունքում՝ միգուցե ուշացումներով, բարդություններով, ձգձգումներով, բայց հնարավոր է դարձել ապահովել 210 հայերի վերադարձը»,- ասել է Սահակյանը։
Նրանք բոլորը, ըստ իրավապաշտպանի, Ադրբեջանում ենթարկվել են խոշտանգումների և նվաստացման։ Բացի այդ, դատավարությունների ժամանակ հայ ռազմագերիները զրկվել են արդյունավետ պաշտպանության կամ նույնիսկ նշանակված հանրային պաշտպանի հետ հանդիպելու հնարավորությունից։
Սահակյանն ընդգծել է, որ նրանց վերադարձը չի կասեցնում պետության և իր ներկայացրած մասնավոր փաստաբանական կազմակերպության կողմից նախկինում նախաձեռնված իրավական գործընթացները։
«Հակառակը, այս անձանց օգնությամբ մենք ձեռք ենք բերում նոր ապացույցներ, որպեսզի ավելի հիմնավոր դեպքեր ունենանք խոշտանգումների առնչությամբ»,- հավելել է նա։
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հունվարի 5-ին հայտնել էր, որ Ադրբեջանում պահվող 23 հայ գերի կա, որոնցից 17-ին Բաքուն գերեվարել է 2023 թվականի սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո։ Նրանց թվում նաև Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությունն է։ Քյարամյանը նաև նշել էր, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման փաստական տվյալներ կան։
Մարտի 9-ին Hartford Courant-ը պատմել էր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խոշտանգումների մասին: Հունիսի 14-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայտնել էին, որ նրան Բաքվի բանտում խոշտանգում են։
Մանրամասները՝ տեսանյութում։