Սեպտեմբերի 23-ին Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է 2008-ի Մարտի 1-ի գործով դատական նիստը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ։
Գործով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին և ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին Մարտի 1-ի գործով դատարանն արդարացրել էր 2021 թվականի ապրիլի 6-ին։
Վճռաբեկ դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 12-ին բեկանել էր դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ այլ հոդվածներով նոր քննության։
Քոչարյանը դատական նիստին չի մասնակցել։ Երկրորդ նախագահի գրասենյակից Yerevan Today-ին հայտնել են, որ նա ծանուցում չի ստացել։
«Ներկայում նախագահը մասնավոր այցով գտնվում է արտերկրում, ուր մեկնել է սեպտեմբերի 18-ին՝ մինչև նիստի նշանակումը: Մոտ օրերս նախագահը վերադառնալու է և պատշաճ ծանուցման դեպքում կներկայանա դատարան»,- ասել է նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
Armenia Today-ին չհաջողվեց կապ հաստատել գրասենյակի հետ, խմբագրակազմն ուղարկել է հարցում։
Սահմանադրական դատարանը Քոչարյանին մեղսագրվող ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթը 2021 թվականի մարտի 26-ին ճանաչել էր հակասահմանադրական:
Նշենք, որ 300․1 հոդվածը ենթադրում է․ «Իշխանությունը զավթելը՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը, պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով»: