Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը սկսվելու է զրոյից, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազ Հայկ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ մեղադրյալների խափանման միջոցի հարցը կլուծվի առաջիկայում։
«Մեղսագրվող արարքների իրավական որակումները փոխվելու են, համապատասխան որոշումներ են ներկայացվելու մեղադրյալներին և դատարանին»,- ասել է Հովհաննիսյանը։
Թե ինչ հոդվածովներով են տեղի ունենալու փոփոխությունները, Հովհաննիսյանը չի մանրամասնել։
«Որոշակի ընթացակարգեր հաղթահարելուց հետո որոշում կներկայացվի դատարան»,- ասել է նա՝ նշելով, որ դա կարող է տեղի ունենալ հաջորդ դատական նիստում։
Հովհաննիսյանը հավելել է, որ ՍԴ դիմելու Վճռաբեկ դատարանի որոշումը որոշակիորեն պայմանավորված է Դատախազության դիրքորոշմամբ։
2021 թվականի ապրիլի 6-ին գործով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին և ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին Մարտի 1-ի գործով դատարանն արդարացրել էր։
2021 թվականի մարտի 26-ին Սահմանադրական դատարանը Քոչարյանին մեղսագրվող ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթը ճանաչել էր հակասահմանադրական:
Հուլիսի 23-ին Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել էր Քոչարյանի գործով Վճռաբեկ դատարանի դիմումը։ Վճռաբեկը Մարտի 1-ի վարույթով անցնող Քոչարյանի և մյուսների գործով դիմել էր բարձր դատարան՝ միջնորդելով որոշել Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:
2024 թվականի սեպտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանը բեկանել էր դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ այլ հոդվածներով նոր քննության։
Սեպտեմբերի 23-ին Քոչարյանը դատական նիստին չէր մասնակցել։ Երկրորդ նախագահի գրասենյակից Yerevan Today-ին հայտնել էին, որ նա ծանուցում չի ստացել։