Իշխանության յուրացման նախապատրաստման գործով երեք ձերբակալվածից մեկի՝ «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմը դիմում է հասցեագրել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հայտնել է Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Խնդրի էությունն այն է, որ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի՝ Գասպարյանը և այլ անձինք ՌԴ զորամասերից մեկում անցել են հատուկ պատրաստություն, որից հետո պետք է Հայաստանում իրականացնեին զինված հեղաշրջում։ Պաշտպանական կողմը խնդրել է ՌԴ իրավասու պաշտոնատար անձանց տալ համապատասխան պարզաբանումներ»,- նշել է պաշտպանը։
Կոչուբաևն ընդգծել է, որ Գասպարյանի քրեական հետապնդումն ապօրինի է։
Սեպտեմբերի 18-ին ՔԿ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք է բացահայտել։ Քննչական գործողությունների արդյունքում 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել, որոնցից 3-ը կալանավորվել էին, 4-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ ՔԿ-ում նախաձեռնել են քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև 15 տարի ժամկետով)։
«Փաստինֆո»-ն գրել էր, որ ձերբակալվածներից մեկը Գասպարյանն է։