ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանում քննվող Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման կանոնակարգը հակասահմանադրական է և առանձին ձևակերպումներ Հայաստանի համար ռիսկեր են պարունակում։ Ըստ ՀՅԴ-ի՝ կանոնակարգն անտեսում է Ադրբեջանի շահերից չբխող միջազգային լավագույն փորձը, անտեսվում են այն իրավական հիմքերը, որոնք ամրագրում են Հայաստանի տարածքային շահերը:
«Կանոնակարգը հիմքեր է ստեղծում հետագա միակողմանի զիջումների համար: Ուստի՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն հակասահմանադրական է համարում նման փաստթղթի գոյությունը և, հետևաբար, այն ենթակա չէ Ազգային ժողովի կողմից ընդունման»,- ասված է հայտարարության մեջ։
ՀՅԴ-ի հիմնավորման մեջ նշված է, որ որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք՝ 1991թ․ Ալմա Աթայի հռչակագիրը որևէ կերպ չի զսպում ադրբեջանական ագրեսիան:
«Կանոնակարգում առկա են ձևակերպումներ, որոնք էական ռիսկեր են պարունակում Հայաստանի համար։ Մասնավորապես՝ սահմանի հատվածական սահմանազատումը, վեճերի լուծման կարգի բացակայությունը»,- հավելել են հայտարարությունում։
Նշվում է, որ կանոնակարգի տեքստում հղում չկա ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1976-78 թթ․ կազմված և 1979թ․ հերթապահության անցած քարտեզը, որը, ըստ ՀՀ իշխանությունների, սահմանազատման հիմքն է։
«ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանը, որը ներպարփակում է Հայաստանի Հանրապետության տարածքը, պետք է հստակ սահմանված և նկարագրված լինի ՀՀ օրենսդրությամբ։ Սահմանազատման արդյունքում այդ ուրվագծի փոփոխությունը հանրաքվեի միջոցով ենթակա է հաստատման։ Հակառակ դեպքում՝ կանոնակարգն է ենթակա հանրաքվեով հաստատման»,- հավելել են ՀՅԴ-ում։
Ընդգծել են, որ սահմանազատման հիմնարար սկզբունքները պետք է գործեն սահմանի յուրաքանչյուր հատվածի համար, այլապես Ադրբեջանը կարող է պարտադրել այնպիսի կամայական «հիմքեր», որոնք բացառապես կծառայեն ադրբեջանական շահերին։
«Սահմանազատման ժամանակ պետք է գործի «ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ սկզբունքը»։ Այսինքն՝ որևէ հատվածի սահմանազատում չի կարող վերջնական համարվել, քանի դեռ չի նկարագրվել ամբողջ սահմանը: Սահմանազատման գործընթացի արհեստական ձգձգումը, սահմանազատման շուրջ եղած տարաձայնությունները որպես պատերազմի պատճառ օգտագործելը բացառելու նպատակով՝ հստակ պետք է նշվի, թե ինչպես են կարգավորվելու սահմանազատման գործընթացում առաջացած սահմանային վեճերը»,- շեշտել են ՀՅԴ-ում։
Հայաստանի կառավարությունը Սահմանադրական դատարան է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով երկու երկրների հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը՝ Սահմանադրությանը վերջինիս համապատասխանությունը որոշելու համար։
Սեպտեմբերի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանն սկսել էր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի համապատասխանության հարցի գրավոր քննարկումը։
Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԳՆ հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանն ստորագրել են Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հաստատել էր Ադրբեջանի հետ սահմանագծման հանձնաժողովների մասին կանոնակարգի վավերացման նախագիծը։
Սեպտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ կառավարությունը ՍԴ է ուղարկել հանձնաժողովների կանոնակարգի մասին դրույթը:
ՍԴ-ի եզրակացությունից հետո փաստաթուղթը կընգրկվի Հայաստանի խորհրդարանի օրակարգում։
Սեպտեմբերի 11-ին Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ Երևանին ու Բաքվին հաջողվել է համաձայնեցնել երկու պետությունների հարաբերության հիմնարար սկզբունքների անկյունաքարային բովանդակություն ունեցող դրույթները։ Սեպտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Երևանյան երկխոսության» ֆորումում, երրորդ անգամ դիմել էր Բաքվին՝ առաջարկելով արդեն համաձայնեցված կետերով ստորագրել խաղաղության համաձայնագիր, որը Բաքուն «անընդունելի» էր անվանել։