Սահմանադրական դատարանի դատավորները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցն ու անցել են խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, Armenia Today-ին հայտնել են Սահմանադրական դատարանից։
«Երբ որոշումը կկայացնեն՝ սահմանված կարգով այն կհրապարակվի»,- հավելել են Սահմանադրական դատարանից։
Հարցին, թե ե՞րբ կհրապարակվի կանոնակարգի՝ սահմանադրականությանը համապատասխանելու վերաբերյալ որոշումը՝ ՍԴ-ից հստակեցրել են, որ որոշման հրապարակման համար սահմանված ժամկետներ չկան։
Սեպտեմբերի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանն սկսել էր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի համապատասխանության հարցի գրավոր քննարկումը։
Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԳՆ հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանն ստորագրել են Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հաստատել էր Ադրբեջանի հետ սահմանագծման հանձնաժողովների մասին կանոնակարգի վավերացման նախագծին։
Սեպտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ կառավարությունը ՍԴ է ուղարկել հանձնաժողովների կանոնակարգի մասին դրույթը:
ՍԴ-ի եզրակացությունից հետո փաստաթուղթը կընգրկվի Հայաստանի խորհրդարանի օրակարգում։