Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը, հայտարարել է Սահմանադրական դատարանը։
«2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը»,- ասված է որոշման մեջ։
Սեպտեմբերի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանն սկսել էր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի համապատասխանության հարցի գրավոր քննարկումը։ Նույն օրը դատավորները քննարկել էին կանոնակարգի սահմանադրականության հարցն ու անցել են խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԳՆ հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանն ստորագրել են Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հաստատել էր Ադրբեջանի հետ սահմանագծման հանձնաժողովների մասին կանոնակարգի վավերացման նախագծին։
Սեպտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ կառավարությունը ՍԴ է ուղարկել հանձնաժողովների կանոնակարգի մասին դրույթը:
ՍԴ-ի եզրակացությունից հետո փաստաթուղթը կընգրկվի Հայաստանի խորհրդարանի օրակարգում։