Երեք անձի կողմից 2024 թվականի մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, գործերն ուղարկվել են դատարան, հայտնում է Քննչական կոմիտեն։
ՔԿ-ի տվյալներով՝ Արարատի մարզում հաշվառված 51-ամյա Վ.Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 12 տարով), 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք կրելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ երկու տարի ժամկետով) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (խմբի կազմում զենքի ապօրինի շրջանառություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով), իսկ Կոտայքի մարզի բնակիչներ 56-ամյա Ա.Մ.-ին և 39-ամյա Ս.Հ.-ին՝ 308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
ՔԿ-ն հայտնում է, որ ՀՀ ՆԳՆ-ին պատճառված գույքային վնասի հատուցումն ապահովելու նպատակով 1,729,500 դրամի չափով արգելադրվել է Վ.Գ.-ին պատկանող անշարժ գույքը:
Ըստ ՔԿ-ի՝ մեղադրյալները, համաձայն չլինելով ՀՀ կառավարության կողմից վարած քաղաքականության, պետության ներքին ու արտաքին խնդիրներին տրվող լուծումների հետ, տեղեկանալով նույն հայացքներ ունեցող մի խումբ անձանց՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանում տեղափոխվելու մասին, նպատակադրվել են զավթել և պահել նշված բաժնի վարչական շենքը, հարկադրել ազատ արձակել ոստիկանության բաժին տեղափոխված իրենց համախոհներին, այնուհետև՝ իրականացնել իշխանափոխություն:
Մինչ այդ հիշյալ անձինք Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող գրասենյակից վերցնելով 8 հատ ձեռքի մարտական նռնակներից 6-ը, յուրաքանչյուրն իր մոտ պահելով 2 մարտական նռնակ, իսկ Վ.Գ.-ն՝ նաև սառը զենք հանդիսացող շեղբավոր որսորդական դանակներ, շարժվել են դեպի Երևան քաղաքի Բորյան 1 հասցեում գտնվող ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին:
Նշվում է, որ նրանք նռնակները ցուցադրաբար ձեռքերում պահած մուտք են գործել ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք և սպառնալով պայթեցնել դրանք՝ հերթապահ մասում ծառայություն իրականացնող ոստիկաններին հարկադրել են բացել հերթապահ մասի դուռը, իրենց հանձնել բաժնում պահվող ծառայողական զենքերը, ազատ արձակել իրենց համախոհներին և դուրս գալ վարչական շենքից:
ՔԿ-ն հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են կատարել պահանջները, նրանք շարունակել են նռնակները պայթեցնելու սպառնալիքներ հնչեցնել, քաշքշել ոստիկանության ծառայողներին, որի ընթացքում Ա.Մ.-ն գետնին է նետել նախապես մարտական վիճակի բերված «Ֆ-1» տեսակի նռնակը։
«Դրա հետևանքով Վ.Գ.-ն և Ա.Մ.-ն ստացել են պայթյունաբեկորային ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են բժշկական կենտրոն, ինչպես նաև վտանգվել է ոստիկանության բաժնի ծառայողներին կյանքն ու առողջությունը, վնասվել են վարչական շենքի մուտքի դուռը, հերթապահ մասի պատուհանների ապակիները, պատերը, առաստաղը և այդ հատվածում գտնվող գույքը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:
ՔԿ-ն հավելում է, որ Ս.Հ.-ն, վերցրել է նաև Ա.Մ.-ի և Վ.Գ.-ի մոտ առկա նռնակները և շուրջ 2 ժամ սպառնացել է պայթեցնել ոստիկանության բաժնի վարչական շենքը, որից հետո վնասազերծվել և զինաթափվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:
Զինաթափման արդյունքում նրա մոտ հայտնաբերվել են երկու հատ «Մ52Պ3», մեկ հատ «Ֆ-1» և մեկ հատ «Մ75» տեսակի ձեռքի մարտական նռնակներ իրենց պայթուցիչներով:
Մարտի 24-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, երեք զինված քաղաքացի փորձել էր ներխուժել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության բաժնի շենք: 55-ամյա Ա. Մ.-ն նռնակ էր պայթեցրել, ինչի հետևանքով նա և 51-ամյա Վ. Գ.-ն ոտքերի շրջանում բեկորային վնասվածքներ էին ստացել և տեղափոխվել հիվանդանոց, իսկ զինված խմբի երրորդ անդամը՝ 34-ամյա Ս. Հ.-ն, վնասազերծվել էր ոստիկանության աշխատակիցների կողմից: Քննչական կոմիտեն ահաբեկչության հոդվածով քրեական գործ էր հարուցել։