ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացել է Մարտի 1-ի գործը փակելուց երեք տարի անց վերսկսված դատավարությանը՝ իր, ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատավարությանը։ Նրանք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Դատական նիստը վարում է դատավոր Սարգիս Պետրոսյանը:
ՀՀ Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 13-ին որոշել էր Քոչարյանի և մյուսների գործն ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ դատարանը բեկանել էր Քոչարյանի և մյուսների գործը կարճելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021թ․ ապրիլի 16-ի և այն անփոփոխ թողնելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021թ․ նոյեմբերի 26-ի որոշումը։
Քոչարյանը ժամանեց դատական նիստին և հայտարարեց, որ ոչ պատշաճ է համարում ամբաստանյալի տեղում նստելը, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ, և տեղափոխվեց դահլիճ՝ նիստի մասնակիցների շարքերը, որդու՝ Լևոն Քոչարյանի կողքին։ Նա ընդգծեց, որ «բարի կամք է դրսևորել» և եկել դատական նիստին ցույց տալու, որ չի վախենում դատավարությունից։
«Ես եկել եմ այստեղ՝ բարի կամք դրսևորելով։ Ըստ էության, կարող էի ընդհանրապես չգալ։ Եկել եմ մեկ նպատակով՝ ցույց տալու, որ չմտածեն՝ վախեցել եմ դատարան գալուց։ Ի վերջո, քանի տարի է՝ դատարաններ հետ շփվում եմ։ Կարող էի գալ և նստել ոչ թե այստեղ, այլ՝ այնտեղ։ Ես այստեղ եմ»,- հայտարարել է Քոչարյանը։
Մինչ դատավարության մեկնարկը լրագրողների հարցին, թե մտավախություն չունի՞, որ կրկին կկալանավորվի, Քոչարյանն ասել է՝ «Կապրենք, կտեսնենք»։
Սահմանադրական դատարանը Քոչարյանին մեղսագրվող ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթը 2021 թվականի մարտի 26-ին ճանաչել էր հակասահմանադրական: Նշենք, որ 300․1 հոդվածը ենթադրում է․ «Իշխանությունը զավթելը՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը, պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով»: