Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմից 4 ձերբակալված կա, նրանցից 3-ը պաշտոնատար անձինք են, Armenia Today-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանն՝ անդրադառնալով քաղաքապետարանի հայտարարությանը, ըստ որի համայնքի աշխատակազմից ձերբակալվածներ կան։
Խոսնակը տեղեկացրել է, որ վարչական շրջանի աշխատակիցների ձերբակալություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նա չի մանրամասնել թե խոսքն ինչ քրեական վարույթի մասին է։
Վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հայտարարել է, որ դեմ է աշխատանքային լիազորությունների չարաշահմանը և կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը։
«Հավաստիացնում եմ, որ հետևողական եմ լինելու արատավոր երևույթները բացահայտելուն և այն արմատախիլ անելուն»,- ասել է Պետոյանը։
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը նոյեմբերի 12-ին տեղեկացրել էր, որ ձերբակալվածները Կենտրոնի տնօրինության առևտրի և սպասարկման բաժնից են։
MPG/Gallup International Association-ի տվյալներով՝ օգոստոսին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատանքը 5 բալանոց սանդղակով ամենացածր գնահատականն էր ստացել՝ 2,7 միավոր։ Երևանցիներից ամենաբարձր գնահատականն ստացել էր Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարների գործունեությունը` 3,9 միավոր։