Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված վարույթի գործով, որի շրջանակում Կենտրոն համայնքի աշխատակիցներ են կալանավորվել, նոր մանրամասներ են հայտնի դարձել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ Կենտրոնի թաղապետարանի վարույթով մի կին է անցնում:
«Իրավապահներին տեղեկություններ են հասել, որ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաները վարչական շրջանում տերմինալի և սուրճի սարքեր տեղադրելու համար կոնկրետ անձանցից գումար են ուզել։ Ավելին՝ իրավապահների ձեռքում հայտնվել է խոսակցության փաստ, թե ինչպես է թաղապետարանի պաշտոնյաներից մեկը զանգել կնոջն ու ասել՝ կնի՛կ, էսօր 600 դոլար գրպանդ մտավ»,- հավելել է թերթը։
Նոյեմբերի 12-ին Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմից ձերբակալվածներ կան։ Նա նշել էր, որ ձերբակալվածները Կենտրոնի տնօրինության առևտրի և սպասարկման բաժնից են։
Նույն օրն՝ ավելի ուշ, Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ձերբակալություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նա հավելել էր, որ գործով 4 ձերբակալված կա, որոնցից 3-ը պաշտոնատար անձինք են։
Նոյեմբերի 13-ին Օհանջանյանը հայտնել էր աշխատակիցների կալանավորման մասին։