Հակակոռուպցիոն դատարանը որոշել է հաջորդ դատական նիստին բերման ենթարկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ ՀՀ ոստիկանապետին հանձնարարվել է նրանց հարկադրել ներկայանալ դատարան, որպեսզի պարտավորեցնեն մասնակցել հաջորդ դատական նիստին։
Այս որոշման պատճառը նոյեմբերի 15-ի նիստին գործով անցնողների բացակայությունն էր։ Դատարանը բացակայությունը համարել է ոչ հարգելի։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 28-ին՝ ժամը 09։00։ Դատական նիստը վարում էր դատավոր Սարգիս Պետրոսյանը:
ՀՀ Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 13-ին որոշել էր Քոչարյանի և մյուսների գործն ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ դատարանը բեկանել էր Քոչարյանի և մյուսների գործը կարճելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021թ․ ապրիլի 16-ի և այն անփոփոխ թողնելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021թ․ նոյեմբերի 26-ի որոշումը։
Սահմանադրական դատարանը Քոչարյանին մեղսագրվող ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթը 2021 թվականի մարտի 26-ին ճանաչել էր հակասահմանադրական: 300․1 հոդվածը ենթադրում է․ «Իշխանությունը զավթելը՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը, պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով»: