Նոյեմբերի 22-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում ձերբակալություններ են տեղի ունեցել, Armenia Today-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնատար անձ է ձերբակալվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։ Վարույթի շրջանակներում մեղադրյալները մի քանիսն են, նրանց մի մասը կալանավորվել է»,- նշեց նա:
Պաշտոնատար անձանց քանակն Օհանջանյանը չհստակեցրեց՝ նշելով, որ դեռևս չեն կարող հայտնել։
Նոյեմբերի 12-ին Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմից ձերբակալվածներ կան։ Նա նշել էր, որ ձերբակալվածները Կենտրոնի տնօրինության առևտրի և սպասարկման բաժնից են։
Նույն օրն՝ ավելի ուշ, Օհանջանյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ձերբակալություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նա հավելել էր, որ գործով 4 ձերբակալված կա, որոնցից 3-ը պաշտոնատար անձինք են։ Ավելի ուշ ձերբակալված աշխատակիցները 2 ամսով կալանավորվել էին։