Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 2008 թվականին Պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանքներ են առաջադրվել։
Քոչարյանին և Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով)։
ՀՀ Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 13-ին որոշել էր Քոչարյանի և մյուսների գործն ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ դատարանը բեկանել էր Քոչարյանի և մյուսների գործը կարճելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021թ․ ապրիլի 16-ի և այն անփոփոխ թողնելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021թ․ նոյեմբերի 26-ի որոշումը։
Սահմանադրական դատարանը Քոչարյանին մեղսագրվող ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթը 2021 թվականի մարտի 26-ին ճանաչել էր հակասահմանադրական: 300․1 հոդվածը ենթադրում է․ «Իշխանությունը զավթելը՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը, պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով»: