ՀՀ գլխավոր դատախազությունն ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, Armenia Today-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
«Պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու»,- հավելել է Մարտիոսրյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից, դեկտեմբերի 4-ին Աղազարյանը հայտարարել էր ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին։ Նույն օրն Աղազարյանը հայտնել էր, որ իր հեռախոսը քննիչն ավելի քան 10 օր իր մոտ է պահել, այնուհետև անձնական տվյալներով այն փոխանցել է Փաշինյանին: Վարչապետը հերքել էր Աղազարյանի այդ հայտարարությունը:
Դեկտեմբերի 4-ին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, մեկնաբանելով ՔՊ-ից պատգամավորին հեռացնելու պատճառները, Աղազարյանին մեղադրել էր պետական անվտանգությանն առնչվող գաղտնի տեղեկատվության արտահոսք կազմակերպելու մեջ։ Նա նշել էր, որ արտահոսքի մասին տեղեկատվությունն ստացվել է այն քրեական գործերի ուսումնասիրության ժամանակ, որոնցով անցնում է Աղազարյանը։
Նույն օրը՝ ավելի ուշ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ «Աղազարյանի հեռախոսը վերցնելուց հետո բացահայտել են պետական անվտանգության սպառնալիքներ պարունակող տեղեկություններ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ»։