ԳՈՒՄ-ի շուկայի գործով 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոց, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում) և 492 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու նպատակով նրա հսկողության տակ գտնվողի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, առավելագույն պատիժը՝ 3 տարվա ազատազրկում)։
Դեկտեմբերի 13-ին Երևանի ԳՈՒՄ-ի շուկայում ՍԱՏՄ-ի և ՆԳՆ-ի համատեղ ստուգայցը լարված վիճաբանության էր վերածվել։ 8 անձ էր ձերբակալվել, որոնց թվում նաև ինքնահրկիզման փորձ կատարած մի քաղաքացի։ ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ստուգումների արդյունքում ոչնչացման ենթակա մսամթերք է առգրավվել։ Նա նշել էր, որ շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել, որը ենթակա է ոչնչացման՝ այրման եղանակով։
ՍԱՏՄ-ն ավելի ուշ հայտնել էր, որ Երևանի Խորենացի փողոցում գործող մսի իրացման շուկայում անցկացված մշտադիտարկումների ընթացքում հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ։ ՍԱՏՄ-ից մանրամասնել էին, որ մսի իրացման կետերը դադարեցրել են աշխատանքը և փակվել են, իսկ մատակարարները չեն կարողացել փաստել իրենց մսի սպանդանոցային ծագումը:
Հայաստանում 2020 թվականի հուլիսի 1-ից կառավարության որոշում է գործում, ըստ որի անասունների մորթը պետք է կազմակերպվի բացառապես սպանդանոցներում։ Մինչ այդ անասնապահներն ու մսավաճառները բողոքի ակցիա էին անցկացրել կառավարության մոտ և նամակ էին փոխանցել վարչապետին՝ իշխանություններից պահանջելով ապահովել սպանդանոցների առկայությունը բոլոր անասնապահների համար և բոլոր համայնքներում։ 2020 թվականի հուլիսին ՀՀ կառավարությունը հայտնել էր մոդուլային սպանդանոցների սարքավորումների լիզինգի սուբսիդավորման մասին՝ 15 տոկոսի չափով։