Ադրբեջանում հայտնել են Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի և Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի գործով դատաքննության մեկնարկի օրը։
Ադրբեջանի դատական կոլեգիայի անդամ Անար Ռզաևն ադրբեջանական ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ դատաքննությունը կմեկնարկի հունվարի 17-ին։
Դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բաքվի բանտում պահվող արցախյան ռազմական և քաղաքական ղեկավարության գործը փոխանցվել էր դատարան։ Ադրբեջանի դատախազները Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր փաթեթ էին առաջադրել, որով նրան սպառնում է ցմահ ազատազրկում, հաղորդել էր Վարդանյանի պաշտպանական թիմը: 2024-ի դեկտեմբերի 28-ին Բաքուն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկել էր զինվորական դատարան։
Բաքուն 2024-ի հունվարին հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Նրանց թվում Արցախի նախկին ղեկավարներն են։ 2023-ի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Վարդանյանին, ԱՀ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։