Տոնական օրերին՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը, Հայաստանում պարեկները ոչ սթափ վիճակում 585 վարորդ են հայտնաբերել, խախտումների թիվը գերազանցել է 15 000-ը, տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալներից։
Երևանի պարեկները մայրաքաղաքում ոչ սթափ վիճակում մեքենա վարող 275, առանց վարորդական իրավունքի վկայականի 364 վարորդ են հայտնաբերել։ Երևանի պարեկները, ընդհանուր առմամբ, հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3450 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 196 մեքենա։
«136 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 246-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 40-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 163-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 94 անձ»,- ասված է հրապարակման մեջ։
Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը ՀՀ մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 11955 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 326 տրանսպորտային միջոց։
«Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 310, առանց վարորդական իրավունքի վկայականի 716 անձ։ 458 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1958-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 532-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 8-ը՝ բեռնատարներ, 192-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 47 անձ»,- տեղեկացրել են ՆԳՆ-ում։