Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 2 անշարժ գույք, ավելի քան 2 միլիարդ դրամ, հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորոդագրության՝ դատախազությունը պահանջում է բռնագանձել 2 անշարժ գույք Երևան քաղաքում՝ ընդհանուր 766 միլիոն դրամ շուկայական արժեքով,1 բնակարանի գնման իրավունք, 5 տրանսպորտային միջոց, 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք, 2 իրավաբանական անձանցում մասնակցություններ, 2 միլիարդ 150 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:
Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության համապատասխան հայցադիմումը:
2021թ․ դեկտեմբերին Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը 2015-2016 թթ. զբաղեցրած Մինասյանը կալանավորվել էր։ Նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացումը կազմակերպելու և հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 875 մլն ՀՀ դրամն օրինականացնելու մեջ։