44-օրյա պատերազմի ընթացքում զենք կիրառելուց հրաժարվելու հրաման տված բարձրաստիճան զինվորականները դատապարտվել են, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Մասնավորապես, Պաշտպանության նախարարության N բանակային կորպուսի հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալը և N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռով դատապարտվել են համապատասխանաբար՝ 4 տարի 9 ամիս 11 օր և 4 տարի 10 ամիս 6 օր ժամկետով ազատազրկման:
Գեերատեսչությունը հիշեցնում է, որ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը տեղեկացել է, որ 2020թ․ հոկտեմբերի 19-ին N զորամասի հրամանատարը, նույն զորամասի հրամանատարի տեղակալը, զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարը և նույն գումարտակի անձնակազմից 35 զինծառայող Լեռնային Ղարաբաղի Դաղթումաս բնակավայրի տարածքում ծավալված մարտական գործողությունների ընթացքում ընկել են շրջափակման մեջ և զոհվել:
«N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը նույն օրը Խնձորեսկ գյուղում տեղակայված ՊՆ N զորամասի շտաբ է կանչել 2-րդ գումարտակի հրամանատարին ու 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալին, հրաման տվել խուճապ տարածել N զորամասի զինծառայողների շրջանում, որպեսզի մարտի ժամանակ նրանք հրաժարվեն զենքով գործելուց: 2-րդ գումարտակի հրամանատարն ու 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալը, գիտակցելով տրված հրամանի ապօրինի լինելը, ենթակա զինծառայողներից որևէ մեկին նման տեղեկություն չեն հայտնել»,- պարզաբանում է դատախազությունը:
Նշվում է, որ 2023թ․ օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Պաշտպանության նախարարության N բանակային կորպուսի հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալի և N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 35-380-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ մարտի ժամանակ զենքով գործելուց հրաժարվելու նախապատրաստությունը):
Դատարանը, հիմք ընդունելով Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը, մեղադրյալների նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով: Դատական ակտն ստանալուց հետո դատախազությունը պատժի մասով վերաքննիչ բողոք կներկայացնի, հայտնում է գերատեսչությունը։