Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ավտովթարի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել (Տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։
Խոսնակը հավելել է, որ այս պահին նախաքննություն է ընթանում։
Հունվարի 13-ին Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում ձորն ընկած մեքենայի մեջ հայտնաբերվել էր 36-ամյա պատգամավորի դին։
Սահակյանը 2016 թվականից ՀՅԴ անդամ էր։ 2022 թվականի դեկտեմբերի 10-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Ամուսնացած էր, ուներ չորս զավակ: