Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն Armenia Today-ին մեկնաբանել է Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանի մի հատվածի ձևավորումը, սահմանազատման հարցի շուրջ ՀՀ իշխանությունների փաստարկները, ինչպես նաև Տավուշում տարածքների հանձնման հնարավոր հետևանքները։ Փորձագետի խոսքով՝ այս տարածքում խորհրդային տարիներին սահմանը գծվում էր կամայականորեն և շատ «կտրուկ»: Սա նշանակություն չուներ, քանի որ երկու կողմի գյուղացիները կարող էին օգտագործել իրենց հողակտորները, արոտավայրերը։ Խորհրդային տարիներին չէր խոսվում այն մասին, որ սահմանը նշանակում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում։
«1992 թվականին Բերքաբեր գյուղին ավելի մոտ գտնվող Հայաստանի տարածքների մի մասն անցել է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանի տարածքի մի մասը՝ Կիրանց գյուղին ավելի մոտ՝ Հայաստանին։ Այս քրքրված, կտրուկ գիծը, որ գծված էր քարտեզի վրա, ուղղվեց»,- ասել է քաղաքագետը։ Նա նշել է, որ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանն այդ ամբողջ տարածքում ավելի շատ տարածքներ է վերցրել, քան Հայաստանը։
Մասնավորապես, Բերքաբեր գյուղի բնակիչները կորցրել են իրենց արոտավայրերն ու հողերը։ Փորձագետի խոսքով՝ ամեն դեպքում, այս հատվածում սահմանը հարթեցվել է և կայուն պաշտպանական գիծ է ձևավորվել։ Միքայելյանը նշել է, որ 1992 թվականից հետո կողմերի ղեկավարների միջև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը կորցրել են մոտավորապես հավասար տարածքներ, տեղի ունեցածը դիտարկել որպես տարածքների փոխանակում և կրկին չվերադառնալ այս հարցին։ Սակայն, ըստ փորձագետի, 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը կրկին բարձրացրել է սահմանի հարցը, հետո բանակցությունների արդյունքում այդ պահանջը հանվել է օրակարգից։
«Այժմ Ադրբեջանը մեծացրել է ճնշումը և հայտարարել միջազգային գործընկերներին, որ սահմանը պետք է սահմանազատվի հօգուտ Բաքվի այն տարածքներում, որտեղ Հայաստանը վերահսկում է Խորհրդային Ադրբեջանի տարածքը»,- ասել է Միքայելյանը։ Նա նաև հավելել է, որ Մոսկվա կատարած իր վերջին այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր կողմից որևէ տարածք չի զիջի։
«Համապատասխանաբար, խորհրդային սահմանը կվերականգնվի միայն այն տարածքներում, որտեղ Հայաստանը վերահսկում է Խորհրդային Ադրբեջանի տարածքը և միակողմանի զիջում կլինի սահմանային գծի ողջ երկայնքով։ Որոշ գյուղերի համար սա վճռորոշ նշանակություն կունենա, մասնավորապես՝ Կիրանց գյուղի համար»,- ընդգծել է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ սահմանային գծի ծրագրված որոշումից հետո Կիրանցի ներսում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում սեպ կհայտնվի։ «Գյուղի ներսում շատ նեղ ու բարակ սեպ կլինի, որը, փաստորեն, շատ փոքր տարածք կընդգրկի գյուղի ներսում, բայց կստեղծի ադրբեջանական ռազմական ներկայություն»,- ասել է փորձագետը։
Նա մեկնաբանել է նաև Հայաստանի իշխանությունների փաստարկները սահմանազատման հարցում։ Միքայելյանն ընդգծել է, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը չի սահմանում խորհրդային հանրապետությունների սահմանը. «Դրա հիման վրա սահման գծելն իրավական անհեթեթություն է։ Պարզապես կառչում են այն փաստաթղթից, որը քիչ թե շատ ծանրակշիռ տեսք կունենա»։
Միքայելյանը նշել է, որ Հայաստանն Ալմա-Աթայի հռչակագիրն ստորագրել է Լեռնային Ղարաբաղի հարցում վերապահումներով։ Հռչակագիրը ենթադրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ մի շարք պայմաններով, որոնք Ադրբեջանը չի կատարում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի առնչությամբ, եթե Բաքուն չի հարգում փոքրամասնությունների իրավունքները, ապա տարածքային ամբողջականության ճանաչում չի սպասվում։
Փորձագետն ընդգծել է, որ «եթե ամեն ինչ չի պահպանվում, ոչինչ չի պահպանվում»։ Նա «ոչ ադեկվատ» է անվանել իշխանությունների այն փաստարկը, որ հռչակագիրը փաստաթուղթ է, ըստ որի Հայաստանը ճանաչել է այդ տարածքները որպես ադրբեջանական։ Քաղաքագետն ընդգծել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը վերաբերում է միայն երկրների միջև հարաբերությունների հաստատմանը և այդ երկրների ճանաչման իրավական դաշտին, այդ թվում՝ սահմանների փոխադարձ ճանաչմանն այն ժամանակ, երբ կողմերն ստորագրել են հռչակագիրը։ Նա հիշեցրել է, որ Բաքուն հռչակագիրը ստորագրել է 1993 թվականին, երբ, ի թիվս այլ հարցերի, սահմանային հարցերն արդեն լուծվել էին այն տեսքով, որով դրանք գոյություն ունեին մինչև 2024 թվականը։
Փորձագետը համեմատել է իշխանությունների փաստարկը, թե Տավուշում Ադրբեջանին զիջումները խաղաղություն կբերեն 1938-ի Մյունխենի պայմանագրին՝ հիշեցնելով, որ բրիտանական և ֆրանսիական իշխանությունների քաղաքականությունը կոչվում էր ագրեսորին խաղաղեցնելու քաղաքականություն։ «Այնուհետև Հիտլերը հանգստացավ Չեխոսլովակիան ստանալով: Խոսքը գնում էր միայն Սուդետի տարածքների զիջման մասին, բայց, ի վերջո, պարզվեց, որ դա բավարար չէ Հիտլերին, և նա գրավեց նաև Չեխիայի և Սլովակիայի մնացած տարածքները։ Ըստ այդմ՝ խաղաղեցնող քաղաքականությունն այնուհետ ձախողվեց։ Նա հիմա ձախողվել է: Խաղաղեցման քաղաքականության մաս էր կազմում Արցախի նկատմամբ քաղաքականությունը։ Իսկ հետո Փաշինյանն ասաց, որ մեզ կադաստրային թուղթ է պետք։ Հետո Սյունիքում տարածքներ է հանձնել, այդ թվում՝ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա։ Իսկ հիմա Փաշինյանը կրկին տարածքները հանձնում է և ասում, որ դա պետք է անել՝ հակառակ դեպքում խաղաղություն չի լինի»,- ասել է Միքայելյանը։
Ըստ նրա՝ Հայաստանի վարչապետն, ամենայն հավանականությամբ, իրավացի է, որ եթե դա չարվի, խաղաղություն չի լինի։ Բայց կառավարության ղեկավարը սխալվում է, երբ պնդում է, որ տարածքների հանձնման արդյունքում խաղաղություն է հաստատվելու։ Արդյունքում, ըստ փորձագետի, թե՛ տարածքների հանձնման, թե՛ մերժման դեպքում պատերազմ կլինի։ Միքայելյանն այս պայմաններում կարևորել է, թե ինչ դիրքերով է այն սկսվելու։
«Տավուշում մենք ունեինք շատ կայուն, լավ դիրքեր, որոնցից իշխանությունները հիմա հրաժարվում են, թեև հասկանում են, որ պատերազմի վտանգը միայն մեծանում է, քանի որ Ադրբեջանը բարելավում է իր մարտական դիրքերը և պատրաստվում է խորացնել իր ռազմական ներկայությունը Հայաստանում՝ այսպես կոչված «անկլավային» տարածքների տեսքով»,- հավելել է նա՝ նշելով, որ Ալիևը Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել է Բաքվի՝ ապագայում այդ տարածքները զավթելու պլանների մասին։
«Այսինքն՝ ինքը չի ասել, որ հարցը փակված է։ Ըստ այդմ՝ ակնկալիքը, որ սրանից հետո Ալիևը կփակի հարցը, նրանք կա՛մ միամիտ են, կա՛մ անգրագետ, կա՛մ ուղղակի չգիտեն պատմությունն ու իրականությունը։ Ո՛չ, խաղաղություն չի լինի։ Ուղղակի պատերազմը շատ ավելի վատ դիրքերից է լինելու»,- ասել է նա։
Միքայելյանի խոսքով՝ ռազմաճակատի այս հատվածում Հայաստանն ունի պաշտպանության ամբողջական գիծ, որն իր արդյունավետությունն ապացուցել է 2021-23թթ., երբ Ադրբեջանը պարբերաբար հարձակումներ էր գործում նոր փաստացի սահմանների՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ Փորձագետն ընդգծել է, որ Բաքուն հաջողության է հասել նոր սահմանների այն հատվածներում, որտեղ կային վատ կահավորված դիրքեր, մինչդեռ ադրբեջանական կողմի գործողությունները հաջող չեն եղել հին դիրքերով հատվածներում, մասնավորապես՝ Տավուշում։ «Սա ուղղակի ապացուցում է, որ դա պաշտպանության ամբողջական գիծ էր: Եվ հենց դա է հիմա փորձում կոտրել Ալիևը»,- եզրափակել է քաղաքագետը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։