Հետխորհրդային տարածքի փորձագետ Կիրիլ Կրիվոշեևը Armenia Today-ին մեկնաբանել է նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին Հայաստանի հնարավոր մասնակցությունը։ Փորձագետը կարծում է, որ Երևանի մասնակցությունը գագաթնաժողովին կախված կլինի կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակից։
Կրիվոշեևի խոսքով՝ եթե Հայաստանը մասնակցի, սա խորհրդանշական քայլ կլինի։ Փորձագետը կարծիք հայտնեց, որ միջոցառմանը Երևանի մասնակցության հարցը կորոշվի համաժողովի անցկացման ժամկետներին ավելի մոտ։
«Եվ դա կախված կլինի նրանից, թե ի՞նչ իրավիճակ կլինի կարգավորման գործընթացում։ Արդյոք իրական քայլեր կձեռնարկվե՞ն, Հայաստանն ինչ-որ կերպ կակտիվացնի՞ Սահմանադրության փոփոխության գործընթացը, որովհետև Ադրբեջանը հստակ ասել է, որ առանց դրա ոչինչ չի լինելու, իսկ Փաշինյանը դեռ ոչինչ չի անում այս հարցում»,- նշեց նա։
Փորձագետը հիշեցրեց, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետն ստեղծել էր աշխատանքային խումբ, որը մինչև 2026թ. կզբաղվի սահմանադրական բարեփոխումների խնդրով։
«Մինչև 2026 թվականը շատ ժամանակ չկա։ Եթե դա ձգձգվի մինչև 2026 թվականը, ապա կանխատեսումը բացասական է և, ամենայն հավանականությամբ, սահմանին նոր բռնկումներ կլինեն»,- ասել է Կրիվոշեևը։
Նրա խոսքով՝ Երևանի հնարավոր մասնակցությունը COP29-ին «բարի մտադրությունների նշան» կլինի։ Միաժամանակ, Կրիվոշեևն ընդգծեց, որ նման նշանները, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, շատ բան չեն լուծում։ Այդ կապակցությամբ նա հիշեցրեց 2023 թվականի դեկտեմբերին Երևանի և Բաքվի միջև Ադրբեջանում COP29 գագաթնաժողովը հյուրընկալելու պայմանավորվածություններից հետո խաղաղ գործընթացի առաջխաղացման վերաբերյալ չիրականացված սպասումները։
«Այսինքն՝ սա, ամեն դեպքում, երկար գործընթաց է։ Ինչ-որ մեկը հիմա խոսում է շրջանակային համաձայնագրի մասին, որը կփոխարինի խաղաղության պայմանագրին։ Բայց ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագիրը շրջանակային համաձայնագիր է լինելու։ Այսինքն՝ խաղաղության պայմանագիրը շատ թույլ է լինելու։ Խաղաղության պայմանագիրը պետք է ավարտին հասցվի ավելի ուշ՝ մի քանի լրացուցիչ համաձայնագրերով, որոնք կստորագրվեն հետո»,- ասաց նա։
Ըստ Կրիվոշեևի՝ COP29-ին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելը հայկական կողմի համար «կանխամտածված էսկալացիա» կլինի, և դա նկատի ունենալով՝ Երևանը, հավանաբար, կձգտի մասնակցել միջոցառմանը: «Սա որոշակի ժեստ կլինի, բայց ոչինչ ավելին»,- եզրափակեց փորձագետը։
Օգոստոսի 21-ին Բաքուն կրկին հայտարարել էր Հայաստանին գագաթնաժողովին մասնակցելու հրավերի մասին։ Հունիսի սկզբին Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ կառավարության ղեկավարի աշխատանքային ծրագրում նախատեսված չէ այց Բաքու։