Կարևորագույն սոցիալական խնդիրն է այսօր, որ ձեր աշխատանքը մի քիչ ավելի օպերատիվ պետք է լինի, քանի որ այսօր առնվազն 12 դեղատուն եմ մտել և, անկեղծ ասած, միգուցե իմ բախտը չի բերում, ես չգիտեմ, բայց 150, 160 դրամով դիմակ ոչ կենտրոնում, ոչ էլ Արաբկիր համայնքում ես չեմ տեսել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լսումների ժամանակ, դիմելով տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին, ասաց ՀՀ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ դիմակների գինը 210-230 դրամ է:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դիտարկմանը, որ անձամբ իր համար էլ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է դիմակի գինը 80 դրամից անցնել, Գևորգյանն ասաց, որ եթե դեկտեմբերին Չինաստանից ներմուծված մեկանգամյա օգտագործման եռաշերտ դիմակի ներմուծման գինը եղել է 13 դրամ, ապա մայիսին, ապրիլին 116 դրամ է եղել: Նա նշեց, որ այստեղ տրամաբանությունն այն է, որ աշխարհում եղել է մեծ ծավալի առաջարկ և արտադրող։
«Այո, մեր կարծիքով՝ կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք, իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ, բայց խոսքն այն մասին չէ, որ 5 դրամով են ձեռք բերել և վաճառել են 220 դրամով, խոսքն այն մասին է, որ, օրինակ՝ 110-120 դրամանոց դիմակը վերջնական սպառողին հասել է մինչև 220 դրամով, ընդ որում՝ հարկերը ներառյալ, և եթե հարկերը հանում ենք, մոտավորապես 45-50 դրամ շահույթի մասին է խոսքը»,-ասաց նա և նշեց, որ դրա համար էլ հարուցել են վարույթ, ինչպես նաև ձեռնոցների շուկայում են վարույթ հարուցել: