«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, իր աշխատանքները օրենսդիրում կշարունակի՝ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացած գնահատականների լույսի ներքո՝ նոր հետևություններով: Ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս մասին ասաց հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով ԱԺ-ում ավելի վաղ տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպին:
«Նախ ուզում ենք արձանագրենք, որ խորհրդարանում տեղի ունեցած բռնությունից հետո մենք քաղաքական գնահատական էինք ակնկալում, ինչը չտրվեց: Եվ ամենաբարձր մակարդակում այն արդարացվեց: Մենք արձանագրում ենք մի քանի հանգամանք, որ ՀՀ-ում գործող իշխանությունները ընդդիիմադիր խոսքը պիտակավորել են որպես սադրանք, արդարացնում են ընդդիմադիր խոսքի նկատմամբ բռնության կիրառումը, արդարացնում են մարդկանց հետևից խփելը: Հաջորդ հանգամանքը այն է, որ իրավական գործընթացները չեն գնում իրավական պետության և իրավունքի գերակայության համատեքստում»,-ասաց Մարուքյանը:
«Դեպքը քննարկման առարկա էր դարձել մամուլի նյութերով, և քննարկվել էր որպես հանրային տիրույթի ենթադրյալ հանցագործություն: Եվ վերջում ասվում է, որ քրեական գործի հարուցումը մերժվում է, քանի որ Վճռաբեկ դատարանն ասել է, որ յուրքանչյուրը մեկ հարված է տվել »,-ասաց խմբակցության ղեկավարն ու նշեց՝ եթե գործի ուղղությունը գնում էր այդ ճանապարհով, պետությունը պետք է գնար այն այլ հոդվածի քննարկման առարկա դարձնելով, որը Մարուքյանի կարծիքով խուլիգանությունն է:
Էդմոն Մարուքյանն ընդգծեց՝ որևէ մեկը թող պատրանք չունենա, թե ճնշումներ գործադրելով՝ կարող է շեղել ԼՀԿ-ի քաղաքական օրակարգը:
«Մենք այլևս այս գնահատականների լույսի ներքո ենք շարունակելու աշխատանքները խորհրդարանում՝ հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք, գործ ունենք մարդկանց հետ, որ հնարավոր է հետևից խփեն, գործ ունենք մարդկանց հետ, որոնք բռնությունն արդարացնում են: Գործ ունենք մարդկանց հետ, որոնք չեն հանդուրժում ընդդիմադիր խոսքը և դա պիտակավորում են որպես սադրանք: Սրանք այն արձանագրումներն են, որոնք մենք արել ենք այդ ընդմիջման ընթացքում»,-ասաց Մարուքյանը։
Նա վստահեցրեց, որ իրենց ձայնը ոչ ոք չի իջեցնելու, իրենք երբեք չեն ստորադասելու քաղաքացու շահը, այլ իրենց ջանքերն ուղղելու ենք ավելի հզոր, ժողովրդավարական երկիր ունենալուն:
«Մենք թույլ չենք տալու, որ երկիրը հետ գնա, մենք դատապարտված ենք գնալ առաջ: Բռունցքներով կգան, թե թիկունքից կխփեն, մենք առաջ ենք տանելու մեր օրակարգը»,-եզրափակեց նա։
Իր հերթին ԼՀ խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստան» պարտավոր է ներկայացնել «անհամաձայնների» և այլընտրանքային տեսակետ ունեցողների շահերը։
«Եթե իշխանությունը նպատակ ունի ապահովել այնպիսի մթնոլորտ, որի դեպքում բոլորը համաձայնում են, ապա այդ իշխանությունը և այդ պետությունը դատապարտված է ձախողման»,- հայտարարել է Թանդիլյանը: Հենց այդ նկատառումներից ելնելով էլ, շարունակեց պատգամավորը, խմբակցությունը մտադիր է շարունակել աշխատանքը խորհրդարանում՝ չնայած այն բանին, որ բավարարված չէ միջադեպի քաղաքական և իրավական հետևանքներով:
Խորհրդարանի նիստերի դահլիճում մայիսի 8-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի: «Լուսավոր Հայաստան» –ը հայտնել էր, որ կսպասեն իշխանությունների իրավական և քաղաքական գնահատականներին, որից հետո կորոշեն իրենց անելիքները: Այդ հայտարարությունից հետո խմբակցությունը չէր մասնակցել ԱԺ նիստերին: