Խորհրդարանում այսօր մեկնարկել է քառօրյա նիստերի աշխատանքը։ Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացրեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին՝ դահլիճում դիմակ չկրելու համար:
Ավելի վաղ ԱԺ նախագահը հայտնել էր, որ նախազգուշացում կհայտարարի, ապա դահլիճից դուրս կհրավիրվեն 1 օրով կամ 7 օրով այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։
Օրակարգի երրորդ մասում ընդգրկված չորս նախագծերը քննարկելիս, որոնք հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ունեին, ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առանց դիմակի ներկայացրեց նախագիծը, որը վերաբերում էր Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելուն։ Նա նշեց, որ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ընդհանուր ժամկետներում է քննում նաև անձանց պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հետ կապված հայցերը և ստացվում է մարդուն վիրավորում են զրպարտում են, մարդը տարիներով դատարաններում խնդիր է ունենում, տարիներով ձգվում են դատավարությունները:
«Դատական դեպարտամենտից պաշտոնական հարցում եմ արել, եկել է պատասխան, որ միայն առաջին ատյանում 218 օր է տևում գործի քննությունը: Նախագծի իմաստն այն է, որ ժամկետները կրճատվեն, ու եթե մարդուն վիրավորել են, ծաղրել են, զրպարտել են, մարդն իրավունք ունենա կարճ ժամկետում իր խախտված արժանապատվությունը պաշտպանել»,- նշեց նա:
Պետրոսյանը նշեց նաև, որ քվեարկություն եղել է երկու անգամ․ առաջին անգամ դրական եզրակացությամբ, երկրորդ անգամ՝ բացասական։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ պետք է նիստին ներկա գտնվել մինչև վերջ, որպեսզի հնարավոր լինի խուսափել թյուրիմացությունից ու ավելորդ շահարկումներից։ Երկրորդ անգամ քվեարկություն չի եղել և ինքն անձամբ է տեղեկացրել, որ քարտուղարությունը սխալ է արձանագրել քվեարկության արդյունքները։
Պետրոսյանի նախագիծը չներառվեց լիագումար նիստերի օրակարգ կողմ 33, դեմ՝ 70, ձեռնպահ՝ 2 ձայների հարաբերակցությամբ։
Գևորգ Պետրոսյանը նախազգուշացում ստացավ դիմակ չկրելու համար
Опубликовано Armenia Today – հայերեն Вторник, 26 мая 2020 г.