Տաթևիկ Ռևազյանի հանցավոր անգործության հետևանքով սև ցուցակում հայտնվել է Հայաստանը և ոչ թե որևէ ավիաընկերություն: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Գևոգրգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը՝ EASA-ի նիստի արդյունքում դեպի ԵՄ օդային տարածք թռիչքների արգելման թարմացված ցուցակի վերաբերյալ հրապարակմանը։
Նա կեղծիք անվանեց լուրերը, թե ավիաընկերությունները, որոնք այլևս չեն կարող թռչել Եվրոպական երկրներ, գոյություն չունեն:
Գորգիսյանի խոսքով, առնվազն 2 կազմակերպությունները, որ գործում էին ԵՄ տարածքում, այլևս չեն կարողանալու թռիչքներ կատարել:
Պատգամավորի պնդմամբ՝ շահարկվում է նաև որոշ ժամանակ առաջ աֆրիկյան երկրներ զենք տեղափոխող ավիաընկերությունը, ինչը բացահայտ սուտ է:
«Հայաստանի ավիաընկերություն չի եղել, որը զենք է տեղափոխել աֆրիկական երկրներ: Եղել է ավիաընկերություն, որը բեռնափոխադրումներով է զբաղվել աֆրիկական ընկերություններում, ինչ-որ մի փուլում հայ օդաչուներին մեղադրանք է ներկայացվել՝ միգուցե զենք տեղափոխելու հարցում կապ ունենալու մեջ, որն այդ փուլում քաղաքական հարց է եղել: Այդ ամենը դատարանով չի ապացուցվել, և մեր հայ օդաչուներն արդարացվել են: Այս ամենը բերել և սեփական թիմի ձախողումների համար վնաս տալ պետությանը, հայկական ավիաընկերությանը պիտակավորելով՝ որպես ապօրինի զենք տեղափոխող ընկերություն, կարծում եմ՝ ուղղակի քայլեր են պետականության դեմ: Սա ուղղակի խայտառակություն է և առաջին հերթին պետք է դատապարտվի հանրության կողմից»,- շեշտեց նա:
Գորգիսյանի կարծիքով՝ այս փուլում միակ ճիշտ քայլը Ռևազյանի թիմից ազատվելը և նոր թիմով կարճ ժամանակում սև ցուցակից դուրս գալը կլինի:
Գորգիսյանը նշեց, որ ըստ մասնագետների՝ մինչև 6 ամսում հնարավոր կլինի դա անել.
«Մնում է՝ այդ մասնագետներին լսող լինի»,-ասաց Գորգիսյանը: