Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 5-ին, հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:
Նախագահ Սարգսյանն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նախագահի առաջարկով՝ նախարարը տեղեկություններ և պարզաբանումներ է ներկայացրել կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված ռազմավարության, ինչպես նաև ձեռնարկվող քայլերի և առկա խնդիրների վերաբերյալ:
Թորոսյանը Հանրապետության նախագահին տեղեկացրել է երկրում կորոնավիրուսի համավարակի հետ կապված ներկա իրավիճակի, հիվանդների բուժման և կազդուրման գործընթացի, առողջապահության ոլորտի խնդիրների, ինչպես նաև համակարգի առաջնահերթ կարիքների մասին:
Նախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների շրջանակում, օգտագործելով նաև անձնական կապերը, այսուհետ ևս աջակցել համավարակի հետևանքների հաղթահարման գործում տարբեր երկրների և կառույցների հետ կապերի հաստատմանը և համագործակցությանը: