ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նշեցին, որ հետ են վերցնում դիմումը, բայց չպատասխանեցին հարցին, թե ի՞նչ կապ ունի իրենց հետ վերցնելը ՍԴ-ում քննության հետ. այդ գործը քննվելու է, որովհետև առաջին ատյանի դատարանն էլ է դիմել Սահմանադրական դատարան: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությանը, որ հետ են վերցնում ՍԴ-ից Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումը:
Ըստ պատգամավորի՝ «Լուսավոր Հայաստանի» հայտարարությունն այն մասին, որ կուսակցությունը չի միանա ԲՀԿ-ի՝ Սահմանադրական դատարան դիմելու ստորագրահավաքին՝ Սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը որոշելու համար, և որ «Լուսավոր Հայաստան» ՍԴ կդիմի միայն հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունից հետո, պայմանավորված էր այդ իրավական գործընթացի վրա քաղաքական որևէ ազդեցությունից խուսափելու համար։
« «Եթե ՍԴ-ն ասի, որ չի քննվելու այս գործը, մեր ասած պայմանն ուժի մեջ է: Ոչ ոք այս պայմանից հետ չի կանգնում: Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Մենք կարծում ենք, որ հակասահմանադրական որոշումների վիճարկումը զուտ իրավական գործընթաց է, որը չի կարելի քաղաքականացնել. ոչ մի քաղաքական ուժ չպետք է շահարկի այդ թեման՝ ի շահ իր քաղաքական շահերի» ,– հայտարարել Է Սիմոնյանը։
Տարոն Սիմոնյանի խոսքով՝ Քոչարյանի պաշտպաններն իրենց այս քայլով ուզում են գործընթացը քաղաքականացնել, մտցնել քաղաքական դաշտ, դա է իրենց հետապնդած նպատակը:
«Ես պետք է հիասթափեցնեմ նրանց, որովհետև իրենց այս քայլով գործընթացը չի դադարում քաղաքական լինելուց, ավելին, ավելի է խորանում քաղաքական բաղադրիչը: Հետևաբար, նորից եմ կրկնում, մենք պատրաստ ենք մեր ասած պայմանի դեպքում՝ մտնել ՍԴ, որպեսզի գործընթացը մաքուր իրավական լինի»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարևանյանը հայտարարել է, որ գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է, Սիմոնյանը կոչ արեց իրավաբանությունը քաղաքականության հետ չշփոթել, որովհետև դրանք տարբեր գործընթացներն են։