Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վավերացրել է 2020 թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այս փոփոխություններով ավելանալու են առողջապահական և սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը, փոխարենը նվազեցվում են այլ ոլորտների, այդ թվում՝ պաշտպանական ծախսերը։
Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարած համատեղ զորավարժությունները, որոնք պաշտոնապես նախատեսված էին անցկացնել հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, փաստացի երկարաձգվել են։
Նախօրեին էլ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ու ՌԴ նախագահների միջև։ Ըստ ադրբեջանական կողմի հայտարարության՝ Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո Ռուսաստանից Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով Հայաստան է հասցվել ավելի քան 400 տոննա ռազմական բեռ, և նրա հեռախոսազանգի հիմնական նպատակը այդ հարցը պարզաբանելն է։
Ադրբեջանի պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու, ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների երկարաձգման, Ալիևի՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Armenia Today-ը զրուցել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։
-Պարոն Հովհաննիսյան, ինչո՞ւ Իլհամ Ալիևը գնաց պաշտպանական ոլորտի ծախսերի կրճատման և առողջապահական և սոցիալական ոլորտների ծախսերի ավելացման։ Այս քայլին գնալով արդյոք Ալիևը փորձու՞մ է լուծել նաև իշխանության պահպանման հարցը՝ փորձելով խուսափել համընդհանուր դժգոհություններից։
-Ադրբեջանում բյուջեի փոփոխություն պետք է իրականացրած լինեին մի քանի ամիս առաջ, երբ պարզ էր, որ կորոնավիրուսին զուգահեռ նավթի գնի անկման պատճառով Ադրբեջանը կանխատեսվող եկամուտների բավական լուրջ կրճատումներ է ունենալու, հետևաբար չի կարող հենվել անցած տարվա վերջ կանխատեսված եկամուտների վրա և ըստ դրա հաշվարկել իր ծախսերը տարվա ընթացքում։ 2019 թվականի վերջին բյուջեի եկամուտները կանխատեսելիս նավթի մեկ բարելի գինը կանխատեսել էին 55 դոլարի սահմաններում, սակայն մարտից սկսած նավթի գինը բավական լուրջ անկում ապրեց․ 2019 թվականի կանխատեսածի համեմատ 20-25 դոլարով անկում ապրեց նավթի գինը։ Ինչպես գիտենք, Ադրբեջանի պետական բյուջեի 50 %-ից ավելին ապահովում են նավթային ոլորտից ստացվող եկամուտները, բնականաբար նավթի գնի անկումը լուրջ ազդեցություն ունեցավ պետական բյուջեի, ինչպես նաև պետական նավթային ֆոնդի վրա, որտեղից հիմնական տրանսֆերներն իրականացվում են պետբյուջե։ Այս ամենին գումարվեց նաև կորոնավիրուսին ուղեկցող տնտեսական խնդիրները նաև այլ ոլորտներում, որոնք առկա էին գրեթե բոլոր պետություններում։ Դրա հետևանքով ավելացան գործազուրկների թիվը, որն էլ զուգահեռաբար տարավ սոցիալական ուղիղ աջակցության բեռի, առողջապահական ծախսերի ավելացման։ Այս ամենով պայմանավորված՝ պետք է բյուջեի վերահաշվարկ իրականացվեր։
Դեռ ապրիլից խոսակցություններ կային պետբյուջեն վերանայելու վերաբերյալ, ձգձգումների արդյունքում այն վերնայվեց հիմա, քանի որ այժմ պետք է ներկայացվի նաև հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, սակայն այդ մասով բյուջեի ներկայացման ու հաստատման կարգերում էլ փոփոխություններ իրականացվեցին, և կարծում եմ, ուշ կներկայացվի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը՝ լուրջ վերահաշվարկներից հետո։
Վերանայումների ընթացում Ադրբեջանը փորձեց որոշ տեղերից ավելացնել եկամուտները, որը տվյալ պարագայում պետական նավթային ֆոնդն է։ Այս ֆոնդը գրեթե 3,5 մլրդ դոլարից պակաս եկամուտ է ստանում նավթի վաճառքից, արտահանումից, սակայն ոչ միայն չի նվազեցվում նավթային ֆոնդից ֆինանսավորումը, այլև ավելացվում է՝ փորձելով գոնե կանխատեսված եկամուտների չափերին մոտ եկամուտներ ապահովել։
Սոցիալական ուղիղ աջակցության տրամադրմամբ, որը, կարծում եմ, քաղաքական որոշում է, նպատակ ունեն որոշակիորեն մեղմելու սոցիալական դժգոհությունները հանրության շրջանում՝ ի հաշիվ տնտեսության, արդյունաբերության, գյուղատնտեսության զարգացման։ Վերջին տարիներին նավթի գնի տատանումների պատճառով Ադրբեջանում սոցիալական դժգոհությունը ընդդեմ իշխանությունների լուրջ զարգացում է ստանում։
Առողջապահության ոլորտում ծախսերի ավելացումը, ըստ էության, պարտադրված որոշում է, քանի որ, այսպես թե այնպես, այս ոլորտում ծասխերն ավելանում են կապված համավարակի հետ։
Ադրբեջանը փորձել է ռազմական ծախսերը հնարավորինս քիչ կրճատել, դա ևս քաղաքական որոշում է։ Եթե բավական մեծ չափով կրճատեին, դա կարող էր լուրջ դժգոհություն առաջացնել երկրում, այսինքն՝ իրենց վարած քաղաքականության հետ այդքան էլ չէր համապատասխանի, որովհետև անընդհատ հայտարարում էին ռազմական ծախսերի ավելացման մասին։
-Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների ժամկետները երկարացվել են, ակտիվացել են նաև երկկողմ ինտենսիվ փոխայցերը։ Ըստ Ձեր դիտարկումների՝ ո՞րն է հիմնական պատճառը։
-Զորավարժությունների երկարաձգման հետ կապված հարցը բավական խուճուճ է․ եթե դատենք Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունից, ապա փաստացի երկարացվել են, որովհետև նախապես հայտարարել էին, որ զորավարժություններն անցկացվելու են հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, սակայն դեռևս անցկացվում են։ Եթե դատենք Թուրքիայի ԶՈՒ ԳՇ հայտարարությունից, ապա չի երկարացվել, քանի որ իրենք նշել էին մինչև օգոստոսի 14-ը։
Այստեղ գործ ունենք Ադրբեջանի ՊՆ կողմից միտումնավոր կամ այլ պատճառով զորվարժությունների սխալ ժամկետով ներկայացման հետ։
Այս զորավորժությունները երկու բաղադրիչ ունեն՝
1․ Զուտ գործողությունների տրամաբանությամբ չեն տարբերվում նախորդ տարիների զորավարժություններից, որևէ նորություն չկա։
2․ Նախորդ տարինեին անցկացվող զորավարժություններից տարբերվում են քարոզչական բաղադրիչի առումով․ թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական կողմն ավելի մեծ տեղ են տալիս քարոզչությանը, այդ թվում՝ ագրեսիվ հայտարարություններին՝ ուղղված Հայաստանի ու Արցախի դեմ։ Սա միանշանակորեն նպատակ ունի հոգեբանական ճնշում գործադրելու ՀՀ-ի ու Արցախի բնակչության վրա։ Այս հայտարարությունները պարունակում են նաև որոշակի ուղերձներ՝ ուղղված որոշակի կողմերի՝ առաջին հերթին ՌԴ-ին։
– Այս ամենի վրա Տավուշյան ուղղությամբ կրած պատությունը որքանո՞վ է ազդեցություն ունեցել։
-Զորավարժությունների վրա չենք կարող՝ ասել որևէ ազդեցություն ունեցել են, քանի որ ամեն տարի մոտավորապես այս ժամանակահատվածում անցկացվում են համատեղ զորավարժություններ, իսկ քարոզչական հայտարարությունները միանշանակորեն կապ ունեն Տավուշյան մարտական գործողությունների հետ։
Քարոզչական մակարդակում Ադրբեջանը երկու խնդիր է փորձում լուծել՝
- Սեփական բնակչությանը հանգստացնելու, ինչ-որ ուղերձներ տալու, որ Թուրքիան իրենց կողքին է, քանի որ, որքան էլ փորձում են հերքել, հուլիսյան մարտերի ժամանակ Ադրբեջանը լուրջ ձախողում կրեց։
- Քարոզչական, տեղեկատվական մակարդակում որոշակի ազդեցություն ունենալ Հայաստանի և Արցախի բնակչությունների վրա և որոշակի ուղերձներ ուղարկել տարբեր խաղացողներին՝ մասնավորապես՝ Ռուսաստանին։ Վերջին շրջանում ադրբեջանական դաշտում, այդ թվում իշխանական մամուլում, նկատվում են բավական լուրջ հակառուսական շեշտադրումներ և իրենց ստանդարտ թեզի շրջանառումը, որ իրենց դեմ հուլիսին կռվել է ոչ թե Հայաստանը միայնակ, այլ՝ Ռուսաստանի հետ։
-Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Ալիևը խոսել է նաև ՌԴ-ից Հայաստան ռազմական նշանակության բեռների ինտենսիվ մատակարարումների մասին, իսկ Կրեմլից այլ շեշտադրումերով հայտարարություն տարածեցին։ Ինչո՞ւ Ադրբեջանն այս շեշտադրմամբ հայտարարություն տարածեց, որքանո՞վ է այս ամենն առնչվում Տավուշյան մարտերի հետ։
-Նախ Ադրբեջանում իշխանական կայքերից մեկն էր վերլուծություն հրապարակել զենքի տեղափոխման վերաբերյալ։ Այդտեղից արտահոսք տվեցին, որ տեղեկություն ունեն՝ Ղազախստանի, Թուրքմենստանի ու Իրանի տարածքով բեռներ են տեղափոխվել, և ըստ իրենց նշածի՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ են մատակարարվել Հայաստանին բավական մեծ ծավալներով։ Դրանից հետո Իլհամ Ալիևն իր բողոքը ներկայացրեց Պուտինին, թե ինչու է Հայաստանին այդպիսի զենքեր վաճառում ՌԴ-ն։
Այս տեղեկատվությունն առնվազն զվարճալի բնույթ ունի, քանի որ Ադրբեջանը, ըստ իրենց հայտարարությունների, Ռուսաստանից շուրջ 5 մլրդ դոլարի զենք է գնել, այն դեպքում երբ ՌԴ-ն ու ՀՀ-ն համատեղ ռազմական դաշինքի մեջ են գտնվում ու ռազամավարական բնույթի հարաբերություններ ունեն։ Եթե տրամաբանորեն դիտարկենք աս, ապա այդ պարագայում լուրջ հարցեր կարող են առաջանալ ՌԴ-ից Ադրբեջանի զենքի գնումների վերաբերյալ։
Այստեղ տրամաբանությունն այլ է․ Ադրբեջանը փորձում է ցանկացած պարագայում իրենց այն թեզն ամրապնդել, որ իրենց դեմ կռվում էր ոչ թե Հայաստանը, այլ՝ Ռուսաստանը։ Այդ թեզին էր ուղղված նաև Ալիևի այն հայտարարությունը, որ Հայաստանին կոչ էր անում դեմ առ դեմ կռվել։
Եթե նայեք Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցներում տարածվող «վերլուծությունները», ապա իրենք սրա միջոցով փորձում են զուգահեռաբար ապացուցել, որ հաղթանակ են տարել հուլիսյան գործողություններում։ Ադրբեջանն այս կերպ փորձում է իր հասարակությանը տեղեկատվություն տալ, որ «տեսեք՝ մենք այնպիսի լուրջ պարտության մատնեցինք Հայաստանին, որ ստիպված են Ռուսաստանից 400 տոննա ռազմական բեռ բերել, որ հետո կարողանան մեր դեմ պաշտպանվել»։
Առհասարակ, վերջին շրջանում Ադրբեջանը բողոքում է՝ սկզբում Սերբիայից, ապա Ռուսաստանից Հայաստանին զենք մատակարելու համար։ Սա որոշ առումով նորություն է, և կարծում եմ՝ սա որոշ առումով բխում է լոկալ բնույթի գործողություններում իրենց կրած բավական լուրջ անհաջողություններից, և ուղղված է այդ անհաջողությունը կոծկելուն։
Վարդուհի Մկրտչյան