ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է աշխարհասփյուռ հայությանը Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Իր շնորհավորական ուղերձում Քոչարյանը,
մասնավորապես, նշել է․
«Այսօր՝ մեր Անկախության 30-ամյա հոբելյանից ընդամենը մեկ տարի առաջ, գնահատելով անցած ճանապարհը, մենք պետք է գիտակցենք, որ առջևում հայկական պետականության ամրապնդման ոչ պակաս դժվարին շրջանն է։ Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում մենք պարտավոր ենք մտածել միաժամանակ և՛ արդիականացման, և՛ մեր ազգային ինքնության պաշտպանության հուսալի մեխանիզմների մասին։ Անհրաժեշտություն է դառնում Հայաստանի բազմակողմանի զարգացման իրատեսական ծրագրի ստեղծումը։ Ապագային միտված մի ազգային նախագծի, որի իրականացումն արդեն առաջիկա տարիներին կապահովի մեր քաղաքացիների բարեկեցությունը, Հայաստանի և Արցախի հուսալի անվտանգությունը։
Չեմ կասկածում, որ մենք միասնաբար կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները և կառուցել Հարավային Կովկասի ամենակազմակերպված, պաշտպանված և ժամանակակից պետությունը»,-ասված է ուղերձում։
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս շնորհավորել է հայրենակիցներին՝ Անկախության տոնի առթիվ: Իր ուղերձում նա նշել է․
«Շուրջ երեք տասնամյակ մենք կառուցում ենք մեր անկախ պետությունը, որ համայն հայության իղձն է եղել և դարձել Հայաստանի ժողովրդի միասնական կամքի արտահայտությունը:
Այդ կամքն անցած տարիների ընթացքում անասելի փորձությունների ենթարկվեց և ավելի ամրացավ՝ անցնելով դաժան պատերազմի, շրջափակման, սոցիալական ու տնտեսական բազում դժվարությունների միջով, որոնց առջև մեր ժողովուրդը ոչ մի վայրկյան չընկրկեց:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովրդին հազարամյակների իր ճանապարհին պատմական ևս մեկ հնարավորություն ընձեռվեց՝ վերականգնելու ինքնիշխան պետությունը, որ այսօր՝ 21-րդ դարում անգամ, ոչ բոլոր ժողովուրդներին է վիճակված:
Անկախությանն «ԱՅՈ» ասելը նաև մեծագույն պատասխանատվություն էր հետագա սերունդների առջև, որոնք բարեբախտություն ունեն ժառանգելու ազատ և անկախ պետականություն:
Անկախ պետություն կառուցելը, հզորացնելն ու պաշտպանելը, Աստծու կամքով, ժամանակակիցներիս պարտքն ու պարտականություն են: Եվ մենք՝ բոլորս միասին, տարիներ շարունակ քարը քարի վրա դնելով, դժվարություններ հաղթահարելով, ամուր հիմքի վրա կառուցել ենք մեր պետականությունը՝ ստեղծել և կայացրել հպարտության արժանի սեփական զինված ուժեր, կենսունակ պետական ինստիտուտներ, այդ կառույցների միջոցով հաջողությամբ ապահովել պետության անվտանգությունն ու կենսագործունեությունը, դարձել միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ, և որպես կայացած ու ամուր պետություն՝ դիմագրավել արտաքին մարտահրավերները, դարձել Արցախի մեր քույրերի և եղբայրների անվտանգության երաշխավորը:
Այդ դժվարին ճանապարհին, իհարկե, անխուսափելիորեն եղել են նաև սխալներ ու բացթողումներ:
Մի բան, սակայն, ակնհայտ է՝ ավանդույթներ և երկարամյա պատմություն ունեցող ցանկացած պետության հաջողության հիմքում, ի թիվս այլ կարևոր գործոնների, շարունակականությունն է և ոչ երբեք՝ մինչ այդ եղած ամեն ինչ քանդելն ու զրոյական կետից սկսելը, ինչը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ:
Մաղթում եմ, որ բոլորս պետության քաղաքացու գիտակցումով և սրտացավությամբ մոտենանք պետականաշինության սուրբ գործին, որտեղ յուրաքանչյուրս ունի իր պատասխանատվությունը և անելիքը, պահենք ու պահպանենք մեր ազգային արժեքները, որ մեր ինքնության առհավատչյան և մեր անկախության գրավականն են:
Աշխարհը, ինչպես նաև մեր տարածաշրջանն այսօր նոր մարտահարվերների ու վտանգների առջև են կանգնած, որոնց մեր պետությունը կարող է դիմագրավել միայն ազգային նպատակների շուրջ համախմբվածությամբ, ապազգային կործանարար երևույթների դեմ միասնական պայքարով և երկրի զարգացման ուղղությամբ ամենօրյա տքնաջան աշխատանքով:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս նվիրական տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Աստված պահապան մեր Հայրենիքին և հայ ժողովրդին»: