Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգից հանվել են Վռճաբեկ դատարանի նախագահի և Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցերը: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը նամակ է ուղարկել ԱԺ նախագահին՝ խնդրելով հարցը հետաձգել։
ԱԺ լիագումար նիստում իրենց տեսլականը ներկայացնելիս թեկնածուները պետք է խոսեն դատական իշխանության հեռանկարների և համակարգի առջև ծառացած խնդիրների մասին: Այդ հարցերը վերաբերում են դատավորների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովմանը, դատարանների ծանրաբեռնվածությանը, նյութատեխնիկական պայմաններին։
Հաշվի առնելով, սակայն, հետպատերազմական իրավիճակը և ծառացած ավելի հրատապ լուծումներ պահանջող հարցերի շրջանակը, ԲԴԽ նախագահն իրատեսական չի համարում դատական իշխանությանը հուզող հիմնախնդիրների շուրջ կառուցողական և արդյունավետ քննարկում կազմակերպելը։ Այս պատճառով ԲԴԽ նախագահն իր և թեկնածուների անունից խնդրել է հարցը հետաձգել:
Արարատ Միրզոյանն էլ Ռուբեն Վարդազարյանին չմերժեց և հարցը հետաձգվեց։