Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում մեկնարկել է «Արժանապատվության երթ»-ը։ Հայրենիքի փրկության կոմիտեի կողմից կազմակերպված քաղաքացիական անհնազանդության գործողությունները Հայաստանում շարունակվում են: Ցուցարարների պահանջներն անփոփոխ են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության անհապաղ հրաժարական: Երթը մեկնարկեց Արաբկիր համայնքից՝ Վահագն Դավթյանի այգուց, և կավարտվի Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդները կպատասխանեն ներկաների հարցերին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ից Երեւանում անցկացվում են ցույցեր՝ ի նշան բողոքի Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:
Ընդդիմության 16 ուժերի ներկայացուցիչները պահանջում են կառավարության ու վարչապետի հրաժարականը: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նախագահությունը, ԵՊՀ գիտխորհուրդը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և մի շարք հասարակական կազմակերպություններ նույնպես պահանջում էին Փաշինյանի հրաժարականը: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ևս կողմ արտահայտվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Ավելի վաղ «Հայրենիքի փրկության» կոմիտեն, որը բաղկացած էր 16 կուսակցությունից, հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի թեկնածությունն անցումային կառավարությունում վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին, որը, ըստ ընդդիմության, պետք է փոխարինի գործող կառավարությանը: Նա պարտավորվում է 1 տարի անց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց չի մասնակցելու: