Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքում տիրող վիճակին, նշելով, որ այնտեղ ներկայում տեղի են ունենում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ։ Նրա խոսքով՝ աշխատանքներն ունեն որոշակի բարդություններ։
«Մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա, քանի որ այն անհրաժեշտ է Սյունիքի և, առհասարակ, ՀՀ-ի անվտանգության ապահովման համար։ Այնտեղ ունենք 2 բնակավայր, որոնց հետ կապված կան որոշակի խնդիրներ։ Դրանցից մեկը Որոտանն է, մյուսը՝ Շուռնուխը։ Այս բնակավայրերում սահմանային աշխատանքները կատարելիս կարող են ցավոտ իրավիճակներ առաջանալ, սակայն, կառավարությունը լիարժեք փոխհատուցումների առաջարկներով հանդես կգա, և մեր քաղաքացիների շահերը կպաշտպանվեն»։
Վարչապետը մեկ անգամ ևս հավաստիացրեց, որ Սյունիքի միջազգայնորեն ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվում։ Նաև նշեց, որ այս գորնծընթացը ոչ սահմանազատում է, ոչ էլ սահմանագծում, սա որոշ սահմանային կետերի տեղորոշման գործընթաց է մեր երկրի անվտանգությունը ապահովելու համար։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Սյունիքում մեծ աղմուկ է բարձրացրել սահմանային կետերի տեղորոշման հետ կապված աշխատանքը։ Բանն այն է, որ սահմանին բնակութուն հաստատած որոշ ընտանիքների տները այդ աշխատանքի հետևանքով անցնում են ադրբեջանցիներին։