«Ժողովուրդ»-ը գրում է. «Այսօր ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի մշտական նիստում կքննարկվի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծերի փաթեթը: 2019-ի հակակոռուպցիոն ռազմավարությամբ որոշվել էր, որ պետք է ստեղծվի հակակոռուպցիոն մեկ մարմին, որի ստեղծմամբ էլ մյուս բոլոր մարմիններում՝ Ազգային անվտանգության ծառայությունում, Հատուկ քննչական ծառայությունում, Քննչական կոմիտեում և Պետեկամուտների կոմիտեում պետք է կրճատվեն կոռուպցիոն հանցագործություններ քննող հաստիքները և փոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին»:
«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից Նաիրա Զոհրաբյանին պաշտոնանկ անելուց հետո ԲՀԿ-ն նոր թեկնածու չի առաջադրի, քանզի գործընթացը հակասահմանադրական է համարում: ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն դիմել են ՍԴ՝ վիճարկելու «Իմ քայլի» որոշումը: Մինչ ՍԴ որոշումը կլինի, հանձնաժողովի ղեկավարումը կանցնի իշխող խմբակցությանը: Չնայած, Դոնթի բանաձեւով հանձնաժողովը ԲՀԿ քվոտային է պատկանում, բայց «ԱԺ կանոնակարգ» օրենքով՝ այդ իրավունքն անցնում է ամենամեծ խմբակցությանը»:
«Հրապարակ»-ը գրում է. «Անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին հաղորդագրություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս լուրը տարակուսանքի տեղիք տվեց, քանզի ընդամենը մեկ ամիս առաջ նույն Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ պահանջում է կառավարության ու վարչապետի հրաժարականը։ Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան հանդիպումը, իրականում, այնքան էլ բարիդրացիական մթնոլորտում չի անցել։ Մեզ ասացին՝ հանդիպման նախաձեռնությունը եղել է Փաշինյանինը, նա է խնդրել նախագահին՝ հանդիպել իր հետ և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը»։
«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է․ «Միջազգային փորձագիտական ու մասնագիտական ամենատարբեր շրջանակների գնահատականների համաձայն, 2021 թ. համաշխարհային տնտեսության համար կարող է դառնալ պարտքային ճգնաժամի տարի։ 2020 թ. կորոնավիրուսային համավարակը սրեց պետական պարտքի խնդիրը աշխարհի բազմաթիվ երկրներում, եւ այն նաեւ ռեկորդային դարձավ պետությունների դեֆոլտների թվաքանակով: Հայաստանում դեֆոլտի ռիսկ կա: «ՀՀ»-ի հետ հարցազրույցում տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ.գ.թ. դոցենտ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Կառավարում» ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը շեշտեց.
– Իհարկե, ներկա դրությամբ Հայաստանում դեռ առկա չէ դեֆոլտի բարձր ռիսկ՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ պետական պարտքի միջին ժամկետը բավական մեծ է։ Սակայն, մյուս կողմից, տնտեսությունը ճգնաժամից վերականգնելու համար մեծ ֆինանսական ներարկումներ են պահանջվելու, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է պետական պարտքի հետագա աճի»։