Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության հայտարարությանը, ըստ որի՝ արտահերթ ընտրությունների պահանջ չկա։
Հայտարարությունում ասված է․
«2021թ․ փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման արդյունքում արձանագրել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից և հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ:
Պնդումը, թե լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, նույնքան մանիպուլյատիվ է, որքան խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության պնդումը, թե գործող կառավարության կողմից կազմակերպված ընտրությունները անպայմանորեն լինելու են իրենց օգտին կեղծված։
Քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ հայտարարել են, որ տեսնում են արտահերթ ընտրությունները՝ որպես ներկայիս վստահության ճգնաժամի հաղթահարման միակ միջոց։
Ստեղծված իրավիճակում արտահերթ ընտրություններից հրաժարվելը հիմք է տալիս ենթադրել, որ խորհրդարանական մեծամասնությունը փաստացի իր նեղ կուսակցական շահից դրդված է շահարկում հանրային պահանջի գաղափարը` իրապես չցանկանալով իմանալ կամ հաշվի առնել այն: Կառչելով մանդատից և արտոնություններից՝ կուսակցական շահը հանրայինին գերադասելու անպատասխանատվությամբ այն որևէ կերպ չի տարբերվում նախորդ՝ 2018թ. ժողովրդական հեղափոխության արդյունքում մերժված իշխանություններից»,-մասնավորապես ընդգծել են հ/կ-ների ներկայացուցիչները՝ «Իմ քայլը» խմբակցությունից պահանջելով նաև գիտակցել սեփական պատասխանատվությունը ՀՀ քաղաքացիների ու պետության առջև և 2021 թվականի քաղաքական օրակարգ վերադարձնել արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցը։
Հայտարարությունը ստորագրած հ/կ-ների ցանկը․
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրավական զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Խաղաղության երկխոսություն ՀԿ
Փինք իրավապաշտպան ՀԿ
Սոնա Մանուսյան, հոգեբան