Այն, ինչ տեղի ունեցավ 2018թ. գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր: Անկեղծորեն պետք է ասեմ, ոչ միայն հակաղարաբաղյան էր, այլև ղարաբաղցիների դեմ էր: «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա անդրադարձել է հարցին, թե 2018թ. «Թավշյա հեղափոխությունը» և իր հրաժարականը որևէ կապ ունեին Արցախյան հիմնահարցի հետ, ի՞նչ հաշվարկով փոխանցեց իշխանությունը մի խմբի, որի ներկայացուցիչները տեղյակ չէին բանակցային գործընթացից:
Հարցին՝ ինչպե՞ս այդքան հեշտությամբ հրաժարական տվեցիք այդքան ծանր իրավիճակում, Սերժ Սարսգսյանը նշեց.
«Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ: Ես երբեք չեմ համաձայնի այն մտքի հետ, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը: Ո՛չ: Նախ իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց»:
Անդրադառնալով իր՝ վարչապետ ընտրվելուն, նա շեշտեց.
«Ստեղծվել էր իրավիճակ, որ եթե փոխվեր գլխավոր բանակցողը, ապա բանակցային գործընթացում տեղի էին ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական էին լինելու մեր երկրի համար: Հենց այդ պատճառով ես համաձայնեցի վարչապետ ընտրվել: Որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում այդ նախաձեռնությունը կարող էր այդպիսի ընթացք ստանալ: Ես լավ հասկանում եմ այն մարդկանց, որոնք ասում էին՝ բա ինչո՞ւ ռադիոտունը գրավելուց կոշտ միջոցներ չձեռնարկվեցին: Բայց, մյուս կողմից, ուզում եմ, որ նրանք հասկանան նաև ինձ՝ որևէ նախադրյալ չկար, որ այդպիսի թափ ստանար այդ շարժումը»: