Իշխանությունները պատրաստվում են կրճատել որոշ ոլորտների տարեկան բյուջեն՝ այդ թվում ՄԻՊ-ի։ Այս հարցին այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նա ասաց, որ խնդիրն ինստիտուցիոնալ է, բայց կարող է կապված լինել նաև անձի հետ, քանի որ դա անձի հեղինակության վրա հիմնված ինստիտուտ է։
«Մարդու իրավունքների ինստիտուտի նկատմամբ նման ոտնձգությունը խստիվ դատապարտելի է։ Ես կարծում եմ, որ այդ նախագիծը խորհրդարանում չի անցնի, կտապալվի։ Բացի այդ, ես, որպես ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամ, որպես միջազգային կառույցների ակտիվ ներկայացուցիչ, ուրիշ ազդակներ ունեմ մեր միջազգային գործընկերներից, որոնք նույնպես դատապարտում են այդ նախագիծը»,- ասաց Մարուքյանը։
«Սա նախընտրական քայլ էր իշխանությունների կողմից։ Գիտե՞ք, այս ինշխանություններն ամեն ինչ անում են իրենց ոչնչացնելու համատեքստում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ընտրություններ են լինելու և հանրակրթությունից գումարներ են կրճատվում․․․ Ես կարծում եմ՝ դա իր ազդեցությունն ունենալու է։ Բնականաբար մենք դեմ կքվեարկենք այդ նախագծին»,- ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք, որ Կառավարության մարտի 11-ի նիստում, փակ քննարկմամբ ընդունվեց մի շարք օրենքների մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, ըստ որի՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հնարավոր է՝ զրկվի անհրաժեշտ ֆինանսավորումից։