Իշխանությունն առաջիկայում պատրաստվում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս մասին Կառավարության նիստից հետո ասաց շրջակա միջավայրի նախարար, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա հայտնեց, որ այսօր կամ վաղը ժամկետների հետ կապված որոշումն արդեն կհրապարակվի։
Ըստ Ռոմանոս Պետրոսյանի՝ ընդդիմության փողոցային պայքարը որևէ էական նշանակություն չունեցավ։ Այն, նախարարի խոսքով, նաև հանրության կողմից չողջունվեց։
«Մենք քաղաքական պրոցեսների բացառապես սահմանադրական ճանապարհով հանգուցալուծումը տեսնում ենք միայն արտահերթ ընտրությունների միջոցով։ Մենք գնում ենք արտահերթ ընտրությունների», – նշեց նախարարը և հավելեց, որ ինչպես հայտարարել է իշխող քաղաքական ուժը՝ պատրաստ է ժողովրդի առջև ստանձնելու քաղաքական պատասխանատվություն։
Հիշեցնենք, որ այսօր կայանալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը․ օրակարգում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցն է։