Առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում մշտապես առաջ է քաշել Հայաստանը՝ հանդես գալով որպես կառուցողական կողմ, ընդհակառակը՝ թուրքական կողմից միշտ եղել են նախապայմաններ: Ցավոք, պետք է արձանագրենք, որ այս պահին այդ նախապայմաններից մեկ-երկուսն իրականություն են դարձել:
Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը: Նա նշեց, որ դրանցից մեկը Արցախի 75 տոկոսը թշնամուն հանձնելու փաստն է:
«Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ մեզ առաջադրված են նոր նախապայմաններ: Այսինքն՝ նախկին նախապայմանները ոչ մի տեղ չեն անհետացել, բայց դրանց ավելացել են նորերը, ինչպիսիք են՝ Սյունիքով անցնող թյուրքական միջանցքները, որոնց, ցավոք սրտի, պետք է արձանագրեմ, որ բավականաչափ ուշադրությամբ ու լրջությամբ չի մոտենում Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունը»,- ասաց Գեղամյանը:
Նա նշեց, որ Թուրքիայի հետ հաղորդակցության վերականգնման ուղղությամբ աշխատանքներ պետք է լինեն, բայց դրանք չպետք է իրականացվեն թուրքական նախապայմաններով և մեր պարտվողական դիրքերից: