ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, որը Հայաստանում էր գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից։
Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ իր համար անձնապես մեծ պատիվ է Ազգային ժողովում հյուրընկալել հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին:
ԱԺ նախագահը եւ բարոնուհի Քոքսը քննարկեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Արցախում հումանիտար իրավիճակի բարելավմանը, Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող ռազմագերիների եւ այլ անձանց հայրենիք վերադարձին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղելու ջանքերը միջազգային գործընկերների հետ աշխատանքներում:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Քերոլայն Քոքսին՝ շուրջ 30 տարի հայերի կողքին լինելու եւ այս տարիների ընթացքում անշահախնդրորեն արդարացի պայքար մղելու համար: