Գլխավոր դատախազությունն ապօրինի գույքի հետ կապված 216 դեպք է քննության առել։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Հեռու չէ նաև այն օրը, երբ Դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման գործերը կներկայացնի դատարան։ Մենք տասը անձանց մասով ավարտական փուլ ենք մտնում։ Առկա գույքի վերջնական գնահատումներ ենք իրականացնում»,-ասաց նա՝ նշելով, որ բոլորն էլ իրենց տրամաբանական ու լեգիտիմ հետևանքներն ունենալու են։
Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ այս փուլում յուրաքանչյուր կոնկրետ գործի վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունն արգելված է գործող օրենսդրությամբ։
Հարկ է նշել, որ ավելի վաղ ԶԼՄ-ները մատնանշել էին գլխավոր դատախազի շքեղ երկհարկանի առանձնատունը, որը նա կառուցել էր Աջափնյակ համայնքում։ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ առանձնատունը կառուցվել է 43 մլն դրամով, մինչդեռ լրատվամիջոցներն այն գնահատում են առնվազն 500 հազար դոլար: