«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արարատի մարզպետարանից ահազանգ ենք ստացել, որ մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը աշխատակիցներին պարտադրում է պատվաստվել «Աստրազենեկա» պատվաստանյութով։ Մարզպետն ինքն էլ է նեղսրտել, թե առողջապահության նախարարությունն է նման պարտադրանք իջեցրել, եւ իրենից պատվաստվածների ցուցակներ են ուզել։
Մեզ ասացին, որ դեռեւս երկու-երեք հոգի են պատվաստվել, մյուսները կանգնած են դժվարին երկընտրանքի առջեւ՝ կորցնե՞լ աշխատանքը, թե՞ ենթարկվել պարտադրանքին, որից հետո հայտնի չէ, թե ինչ է հնարավոր կորցնել։ Երեկ մեզ չհաջողվեց կապ հաստատել մարզպետի հետ, իսկ կայքում նշված հեռախոսահամարներին որեւէ մեկը չէր պատասխանում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդարանում մայիսի 24-ին խորհրդի նիստ է սպասվում, որի ժամանակ կհաստատեն մայիսի 25-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգը:
Մենք տեղեկացանք, որ մի քանի գերատեսչության տարեկան հաշվետվություն պետք է ներկայացվի խորհրդարանի ամբիոնից, ինչպես նաև օրենսդիրները պետք է ընտրեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անդամ:
Նշենք, որ ՀԾԿՀ-ի անդամության համար 4 թեկնածու է առաջադրվել, իսկ ՏՄՊՊՀ-ի համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ Շուշան Սարգսյանը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին տեղեկատվական հարթակներում կեղծ տեղեկություններ են սկսել շրջանառել՝ իբր որոշ ուժերի կողմից այս կամ այն համայնքում գումար բաժանելու մասին: «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգին հանձնարարական է տվել առաջիկա օրերին մի քանի տասնյակ մարդու «հայտնաբերել», որոնք իբրև թե փող են բաժանել մասնավորաբար Ռոբերտ Քոչարյանի օգտին։
Մեր տեղեկություններով, նաև նախապատրաստել են մարդկանց, որոնք պարտավորվել են ցուցմունք տալ՝ իբր փող են ստացել «Հայաստան» դաշինքին ձայն տալու համար։ Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ «հայտնվելու» են մարդիկ, որոնք հայտարարելու են, թե մասնավորաբար Իշխան Սաղաթել յանն ու Վահե Հակոբյանը, ո՛չ այս, ո՛չ այն, իբր իրենց գումար են խոստացել, ճնշումների ենթարկել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր հավաստի տեղեկություններով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում է գտնվում շուրջ 160 հայ զինվոր։ Վերջերս իրանցի բարձրաստիճան զինվորականների՝ Հայաստան ժամանման առիթներից մեկն էլ հայ զինվորների վերադարձի հետ կապված հարցերը քննարկելն է եղել։
Մեզ պատմեցին, որ հայ զինվորները պատերազմի թեժ օրերին հատել են Իրանի պետական սահմանը և այդ ժամանակվանից այնտեղ են՝ հայտնի չէ, թե որտեղ են գտնվում և ինչ կարգավիճակով։ Մեզ ասացին նաև, որ հայ զինվորների վերադարձի հետ կապված՝ Իրանն ինչ-ինչ նախապայմաններ է ներկայացրել հայկական կողմին․ ադրբեջանական օրինակը, փաստորեն, վարակիչ է, և նրանք էլ են փորձում օգտվել «գերիներ» ունենալու հանգամանքից։
Մենք տեղեկությունը փորձեցինք պաշտոնապես ճշտել պաշտպանության նախարարությունից․ հարցրինք՝ ճի՞շտ է, որ շուրջ 160 հայ զինվոր գտնվում է Իրանում»:
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում ստեղծված իրավիճակի հետ կապված բավական հակասական տրամադրություններ են հասունանում։ Մասնավորաբար, չնայած այն փաստին, որ որոշ պատգամավորներ և իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են ամպագոռգոռ ճառերով ամեն կերպ աջակցել Նիկոլ Փաշինյանին և նրա «թեզերը» տարբեր հարթություններում տիրաժավորել, քիչ չեն նրանք, ովքեր մեծ դժգոհություն ունեն:
Ավելին, մեր տեղեկություններով, մի քանիսն օրերս Փաշինյանին բաց տեքստով ասել են, որ սա կատարյալ ձախողում է, և երկիրը փաստացի կանգնած է վերահաս պատերազմի առաջ։ Սակայն դժգոհների մեծ մասը պարզապես լռում է՝ «շառից-փորձանքից հեռու», որպեսզի հետագայում իրենց վրա պատասխանատվություն չվերցնեն ու քաղաքական դիակ չդառնան»։